ԿԸՀ-ն մերժեց դիտորդների պահանջը, բայց նյութերն ուղարկեց դատախազություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ի նիստում, քննարկելով «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդների և Տիգրան Եգորյանի դիմումները, միաձայն ընդունած որոշումներով մերժեց թիվ 17 ԸԸՀ-ի թիվ 6-Ա, 7-Ա, 8-Ա, 9-Ա, 10-Ա, 11-Ա որոշումներն անվավեր ճանաչելու մասին դիմումատուների պահանջը:
ԿԸՀ-ն, մասնավորապես, արձանագրեց, որ դիմումատուների կողմից պահանջը ձևակերպված է ոչ հստակ, դիմումում բերված նկարագրական մասերը տարբերվում են թ.17 ԸԸՀ հանձնած այն դիմումներից, որոնց հիման վրա ընդունվել են դիմումատուների կողմից բողոքարկվող որոշումները: Նաև` ԿԸՀ ներկայացված 47 սկավառակների վրա առկա տեսագրություններից, մասնավորապես, անհնար է պատկերացում կազմել դիտորդների իրավունքների խախտման մասին:
ԿԸՀ-ն գտավ, որ ԸԸՀ-ի արտահայտած իրավական դիրքորոշումները համապատասխանում են Ընտրական օրենսգրքի պահանջներին:
Միաժամանակ թիվ 17 ԸԸՀ-ի թիվ 6-Ա որոշման վերաբերյալ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդների դիմումի կապակցությամբ ԿԸՀ-ի ընդունած որոշման համաձայն` դիմումում ներկայացված նյութերն ընդունվեցին որպես հաղորդագրություն և դրանք կհասցեագրվեն ՀՀ դատախազություն:
Տիգրան Եգորյանի դիմումի մասով ԿԸՀ-ն որոշեց սեփական նախաձեռնությամբ բողոքով բերված փաստերով հարուցել վարչական վարույթ:
ԿԸՀ-ի երկու որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակվելուց հետո հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու պահից: Դրանք կարող են բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` օրացուցային երեք օրվա ընթացքում:
Շուրջ երկու ժամ տևած քննարկումների ավարտին ԿԸՀ-ի նիստում հայտարարվեց մեկ ժամ ընդմիջում: Այդ ընթացքում դիմող կողմը ԿԸՀ-ին կներկայացնի թիվ 17/10 ընտրական տեղամասի հետ կապված նոր հանգամանքներ, փաստեր, ինչից հետո ԿԸՀ-ի նիստը կշարունակվի` արդեն հարուցված վարչական վարույթի շրջանանակներում: