ԲՀԿ-ի քարը՝ ՀՀԿ-ի բոստանը. «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն»
«Ես, որպես խմբակցության քարտուղար, պարտավոր եմ խմբակցության ղեկավարին պարբերաբար տեղյակ պահել քննարկվող հարցերի վերաբերյալ այն դեպքերում, երբ որ պարոն Ծառուկյանն անձնապես խորհրդարանում չի լինում»,- Aravot.am-ի հարցին՝ հաճա՞խ է լինում, երբ պարոն Ծառուկյանից հարցնում եք՝ ինչպե՞ս քվեարկել, պատասխանել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դիտողություն է հնչեցրել՝ ասելով. «Տիկին Զոհրաբյան, էն որ երբեմն զանգում և հարցնում եք՝ ո՞նց քվեարկենք… կարևորը՝ տեսնելով, որ անհրաժեշտ է երկրին ու ժողովրդին, այդպես էլ պիտի քվեարկեք: Մենք քծնելու կարիք չունենք: Դուք քվեարկում եք այնպես, որ փողոց դուրս գալուց լիակատար կարողանաք քայլել և մարդկանց երեսը նայել, ոչ թե տեսնելուց պախկվեք և չկարողանաք խորհրդարանից դուրս գալ»:
Նաիրա Զոհրաբյանը նորմալ է համարում կուսակցության նախագահի դիտողությունը. «Եվ պատահական չէ, որ մենք որոշեցինք ստեղծել նաև շատ ավելի փոքր կոլեգիալ մարմին, որն օժտված կլինի օպերատիվ, արագ որոշում կայացնելու մանդատով, նաև որոշ վիճահարույց քվեարկությունների դեպքում: Հարցը նրան է վերաբերում՝ քվեարկել այնպես, ինչպես պահանջում է ժողովրդի շահը, բազմաթիվ այլ պատգամավորների նման՝ խորհրդարանի մուտքից վախենալով դուրս գալ և փողոցում քայլելուց չվախենալ, որ ՀՀ քաղաքացին կարող է քեզ վատ ընդունել»:
Իսկ թե ի՞նչ նկատի ուներ Գագիկ Ծառուկյանն՝ ասելով՝ «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն», Նաիրա Զոհրաբյանը մանրամասնոել է. «Ես շատ ուրախ և հպարտ եմ, որպես մարդ, որ տեսնում եմ առողջ երիտասարդություն, բայց, ցավոք, նրանց կողքին կան նաև երիտասարդներ, կարիերիստների մի կաստա, ինչպես պարոն Ծառուկյանն ասաց, որոնց գերագույն նպատակը՝ կուսակցական միջոցառումներին փուչիկ բռնելն է: Դրա համար էլ Ծառուկյանն ասաց՝ ինձ փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն, ինձ պետք են երիտասարդներ, որոնք ոչ թե փողկապներով և կուսակցական կրծքանշաններով փուչիկներ կբռնեն, այլ կգնան սահմանամերձ գոտի, կտեսնեն, թե այնտեղ ինչպե՞ս են ապրում հենց իրենց հասակակից երիտասարդները: Շատ առողջ դիտողություն էր, և ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պիտի դրանից հետևություն անի»: