Չի բացառվում, որ Հայրիկյանը բուժումը շարունակի արտերկրում
Այս պահին նախագահի նախկին թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է բուժման կուրսեր անցնել «Կարմիր Խաչ» բժշկական հաստատությունում, որտեղ, սակայն, դրական արդյունք չարձանագրելու դեպքում Հայրիկյանը բուժումը կշարունակի արտերկրում:
168.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկերը՝ Հայրիկյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը հայտնեց, որ այս պահին արտերկիր մեկնելու հարցի շուրջ դեռ խոսակցություններ են ընթանում, քանի որ բուժման կուրսերը դեռ չեն ավարտվել:
«Կարմիր խաչը ամենալավ բուժհաստատությունն է, որը հենց մասնագիտական հիվանդանոց է հիվանդությունից հետո թևրապևտիկ բուժում ստանալու համար: Եթե այստեղ մենք դրական շարժ չարձանագենք Հայրիկյանի առողջության առումով, նրան կտեղափոխենք արտերկիր, որովհետև, ըստ էության, Կարմիր խաչը վերջին կետն է, որտեղ հնարավորություն կա կատարել հետվիրահատական վերականգնողական բուժումը»,- մասնավորեցրեց նա:
Կ. Եղնուկյանի փոխանցմամբ՝ փամփուշտից առաջացած վերքը վերականգնվում է, բայց կրակոցի արդյունքում աջ ձեռքի վնասված նյարդերը շարունակում են անհանգստություն պատճառել Հայրիկյանին՝ դառնալով անտանելի ցավերի պատճառ. «Երեկ գիշեր էլ ուժգին ցավեր է ունեցել, ցավազրկող են ներարկել: Ներվի վնասվածքը չի բարելավվում: Ամբողջ ձեռքը 100 տոկոսով չի կարողանում շարժել, իսկ մատները չեն աշխատում: Անգամ ցավազրկիչները երբեմն չեն օգնում»:
Նա ավելացրեց, որ բուժումը երկար կտևի՝ գրեթե վեց ամիս: