Գրել էին` «մոյ պոեզդ ուշոլ», որ գնացքս գնացել է, Րաֆֆիի գնացքը կարող է գնալ, բայց ժողովրդինը չի գնացել դեռ

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվանից դարձյալ շարունակում է մարզային այցելությունները կամ, իր խոսքերով ասած, հաղթարշավը մարզերում: Քիչ առաջ ավարտվեց նրա հանդիպումը Դիլիջանում:

Ժառանգություն կուսակցության առաջնորդին դիմավորող քաղաքացիները Դիլիջանում այս անգամ ավելի սակավաթիվ են եղել, ինչը Ժառանգության առաջնորդը պայմանավորել է նրանով, որ մարդիկ աշխատանքի են՝ իրենց առօրյա հացն են վաստակում, այդ իսկ պատճառով չեն կարողացել ներկայանալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպմանը:
«Հաղթանակը ամեն տեղ է, և չի չափվում, որտեղ հարմար գտնի հայ ընտանիքը, այնտեղ է հաղթանակը: Մի քանի րոպեով եկա Դիլիջան՝ ասելու «Շնորհակալություն» և «Բարև»: Եթե որևէ մեկը՝ մարզպետ կամ քաղաքապետ, փորձի խախտել ձեր իրավունքը, գիտցեք, որ ես ձեր կողքին եմ: Ով է մտածում, որ 45 տոկոսով դուք կհաղթեիք այստեղ, իսկ իրականում՝ 60 տոկոս, բայց հիմա թվերի մասին չենք խոսելու:
Ուզում եմ ասել, որ ես շատ եմ սիրում, և ամեն ինչ անելու եմ, որ բոլորը հետ վերադառնան, և Դիլիջանը դառնա այն, ինչ էր, որովհետև իմ մեղրամիսն անցկացրել եմ Դիլիջանում: Ուզում եմ ասել, որ չեմ անտեսում ձեր ձայնը, որ մինչև տրամաբանական հաղթանակ մենք Դիլիջանից տանելու ենք Իջևան, Նոյեմբերյան և ամեն տեղ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է նաև իր հասցեին հնչող այն քննադատություններին, թե ծրագիր չունի, կամ արդեն բաց է թողել ձեռքից հաջողությունը:
«Գրել էին «պոեզդ ուշոլ», որ գնացքս գնացել է, բայց սա միայն պաշտոնական տեսակետ է, որը չեմ ընդունում: Կարող է՝ Րաֆֆու, Արմենուհու գնացքը գնացել է, բայց ոչ ժողովրդի գնացքը: Ինձ քննադատում են նաև, գրում են, որ անկանոն է, անծրագիր է պայքարը: Թող գրեն` ինչ ուզում են, սա է ազատությունը: Բայց այսպիսի վիճակ չի եղել 88-ից հետո, որ յուրաքանչյուր մարդ զգա իրեն այս հրապարակում որպես սեփականատեր և պահանջատեր: Ես ձեր կողքին եմ մինչև հաղթանակ, ես խոնարհվում եմ ձեր առաջ և ասում եմ, որ նորից եմ գալու:
Բարև, բարևի մեջ արև կա և Դիլիջան, հաջողություն և ձեզ»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս