«Պետք է գտնել գլխավոր պատվիրատուին». Ասում է Պ.Հայրիկյանի ընկերը
Եթե Վարդան Սեդրակյանն իսկապես առնչություն ունի այս գործի հետ, պարզ չէ, թե ի՞նչ կապ ունի նա: Վարդան Սեդրակյանը չի կարող հանդիսանալ գործի իրական պատվիրատուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբի անդամ, նրա մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը՝ անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով երեկ կալանավորված նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին:
Կարո Եղնուկյանն ասաց, որ ինքը ոչ մի մոտիվացիա, պատճառ կամ հիմնավորում, ըստ որի՝ Վարդան Սեդրակյանը կարող էր լինել մահափորձի հեղինակը, չի տեսնում:
Եղնուկյանը բացառեց, որ Վարդան Սեդրակյանը կարող էր լինել այս կրակոցների հեղինակը, անձնական հարցից ելնելով: Նա վստահեցրեց, որ նախկին թեկնածուները նախկինում միմյանց չեն ճանաչել ու շփումներ չեն ունեցել: Քաղաքական հիմնավորում, ըստ նրա, այստեղ ևս չկա. «Եթե մահափորձի պատճառը լիներ նախընտրական մրցակցությունը, այդ դեպքում ինչո՞ւ ոչ կրակոցները եղան հենց Պարույր Հայրիկյանի դեմ, և ոչ՝ մնացած թեկնածուների: Ես, համենայնդեպս, քաղաքական հարցի լուծում այստեղ չեմ տեսնում»:
Եղնուկյանը նշեց, որ Պարույր Հայրիկյանը ևս մտածում է, որ սա բազմաշերտ գործ է, և պետք է գտնել գլխավոր պատվիրատուին, ում պետք է փնտրել «ոչ Սեդրակյանների դաշտում»:
Վերջինս շեշտեց, որ եթե Վ. Սեդրակյանն «իսկապես կապ ունի այս գործի հետ, ապա նա կարող է լինել շղթայի միայն երկրորդ օղակը, միայն կամակատարը, ինչպես արդեն ձերբակալված երկու անձինք են»: