«Ամենակարևոր սեռական օրգանը միտքն է». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Անտարես» մեդիա հոլդինգի՝ Facebook-ում ընթերցանության յուրատեսակ քարոզչության կոչերը, թե «Գիրք կարդալը սեքսուալ է» կամ «Կարդալը սեքսուալ է դարձնում ձեզ», ոչ միայն բազմաթիվ «like»-եր է վաստակել, այլև ոմանց մոտ դժգոհությունների է տեղիք է տվել:
Aravot.am-ը «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ընթերցանության մասին իրենց ակցիայի քննադատություններին և ինչու են հենց նման ձև ընտրել: Պարոն Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ ամենակարևոր սեռական օրգանը հենց միտքն է, և իսկապես ինտելեկտուալ մարդիկ սեքսուալ են. «Ցանկացած աղջիկ ո՞ր տղային է ընտրում, նրան, ով դատա՞րկ է, թե՞ կարդացածին: Բնականաբար՝ կարդացածին և ինտելեկտուալին, որովհետև կինը բնազդաբար և ենթագիտակցաբար այդ տղամարդու մեջ տեսնում է ընտանիք կերակրողին, իսկ այսօր առաջին հերթին ինտելեկտն է կերակրում, «բիթի» լինելը, ինչն առանց գիտելիքի հնարավոր չէ»:
Անդրադառնալով Սեքսոլոգների ասոցիացիայի արած մի վերլուծության, մեր զրուցակիցը նշեց, որ այն երիտասարդներն ու աղջիկները, ովքեր սեքսոլոգի մոտ այցելել են ծնողների հետ, նրանց մայրերը հիմնականում եղել են ուսուցիչներ, այն էլ հայոց լեզվի և գրականության:
«Երբ հարցրի պատճառը, սեքսոլոգներից մեկը ժպտալով ասաց՝ հիշո՞ւմ ես Արմեն, որ ժամանակին հենց ուզում էինք մեզ մի քիչ լավ զգալ, գնում էինք Բրյուսով: Նա նկատի չուներ, որ Բրյուսովի աղջիկներն ավելի թեթև վարքի տեր էին, քան մյուս բուհերինը, պարզապես բրյուսովցի աղջիկների հետ ավելի հետաքրքիր էր: Իսկ ինչո՞ւ, որովհետև ևս մեկ լեզու իմանալը բերում է նոր բնագավառի ճանաչման՝ այդ լեզվի միջոցով: Լեզուն գործիք է: Մի քանի լեզվի տիրապետող աղջիկներն ի վիճակի են ավելի շատ գրականություն կարդալ, մի բան, որից զուրկ են միայն մեկ լեզվի՝ հայերենին տիրապետողները: Խոսքս, բնականաբար, հայկական բանասիրական կրթությամբ բոլոր կանանց կամ տղամարդկանց չի վերաբերվում, իհարկե կան վառ անհատականություններ, ինչպես, օրինակ, մեր Զավեն Բոյաջյանը, որ 17 լեզվի է տիրապետում:
Գուցե համարձակ բան եմ ասում, բայց ամուսնությունները դիտարկելիս էլ տեսնում ենք, որ Բյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտները հիմնականում շուտ են ամուսնանում: Ու պատճառն այն չէ, որ իրենց տեսքն ավելի լավն է, խնդիրը ուղեղն է, ինտելեկտը: Ցանկացած տղամարդու համար ինտելեկտուալ կինը ավելի գրավիչ է: Ես համոզված եմ, որ ամենակարևոր սեքսուալ օրգանը միտքն է, շարմն է, որը գալիս է գիտելիքը օգտագործելուց և ճանաչելուց: Զարմացած եմ, որ sexy, սեքսուալություն բառը, չգիտես ինչու, վատ է ընկալվում, մինչդեռ եթե հայերեն թարգմանենք, սեքսուալությունը կստացվի գրավչություն: Այսինքն ՝ գիրք կարդալը բերում է գրավչության, դա վա՞տ է, հարգելի ընդդիմախոսներ:
Չէ՞ որ sexy բառը սեռ բառն է, այսինքն՝ մի սեռը մյուսին գնահատում է գիտելիքով, գիտելիքը նույնպիսի գրավչական էլեմենտ է, ինչպես գեղեցիկ կուրծքը, մարմինը, աչքերը… Ինչու աչքերը կարող են լինել սեքսուա՞լ, իսկ գիրք կարդալը կամ համեղ ճաշ եփելը՝ ո՞չ: Նույնն էլ տղամարդու պարագայում է՝ ատլետիկ մարմնի պես ատլետիկ ուղեղն էլ կարող է սեքսուալ ընկալվել: Հումորով և կարդացած տղամարդիկ ու կանայք, բնականաբար, ավելի գրավիչ են»,- ասաց Մարտիրոսյանը»: