![](/banners/BeFunky-design.jpg)
Արամ Սարգսյան. «Ինձ համար տխուր է, որ կրտսեր եղբայրս չի կիսում իմ քաղաքական մոտեցումները». մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Aram-zaveni-sargsyan-e1348161840508.jpg)
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Այն, որ Վազգեն Սարգսյանի փոքր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, անցած նախագահական ընտրություններում հրապարակայնորեն սատարեց ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը, միանշանակ չընկալվեց: Մանավանդ, որ Սարգսյանների մյուս եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, արմատական ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, իսկ իր վերջին հարցազրույցներից մեկում էլ կարծիք էր հայտնել, որ սա ոչ թե ընտրություն է, այլ տուն-տունիկ:
Երեկ Եռաբլուրում՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի օրը, Aravot.am-ը Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ինքը Արմեն Սարգսյանի դիրքորոշմանը:
«Ես շատ կցանկանայի այդ հարցը տալ Վազգենին: Չգիտեմ՝ Վազգենն ինչ կպատասխաներ այդ հարցին: Շատ քիչ հարցեր կան, որոնց պատասխանը չգիտեմ, թե ինչ կասեր Վազգենը: Դժբախտաբար, մեր բարեկամները, հարազատները միշտ չեն այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում իրենց տեսնել: Ես առաջինը չեմ, վերջինը չեմ. աշխարհի պատմությունը լիքն է նման օրինակներով՝ սկսած Աստվածաշնչից: Դա էդպես է, փաստ է, որ էդպես է: Չգիտեմ,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով,- ինձ համար տխուր է, որ էդպես է, որ իմ կրտսեր եղբայրը չի կիսում իմ քաղաքական մոտեցումները»:
Հետաքրքրվեցինք՝ Արամ և Արմեն Սարգսյանները զրույց ունեցե՞լ են այդ առիթով: «Իհարկե, իմ տեսակետները ներկայացրել եմ, բայց Արմենը դեռ այն ժամանակ՝ 2003 թվականի դեպքերից հետո էլ հարցազրույց տվեց և իր մոտեցումներն ասաց, 2008-ին էլ իր մոտեցումներն ասաց: Այնպես որ, այստեղ նորություն չկա: Ուղղակի ամեն անգամ նման տեսակետներ ասելուց հետո հասարակությունը նորից զարմանում է՝ թե ինչո՞ւ է էդպես: Ես չեմ զարմանում»,- ասաց Արամ Սարգսյանը»: