Սերժ Սարգսյանն աքսորո՞ւմ է փեսային. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, ով Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր և քարոզչության գծով պատասխանատուն, որոշել է դեսպան նշանակել:
Ըստ այդ տեղեկությունների, Սարգսյանը փեսային գործուղելու է Վատիկան: Նշենք, որ Վատիկանում ՀՀ դեսպանը Վիգեն Չիթեթչյանն է: Թե ինչով է պայմանավորված սույն որոշումը, առայժմ թերևս կարելի է միայն ենթադրություններ անել: Չի բացառվում, որ Սարգսյանը որոշել է պատժել փեսային՝ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների` Սերժ Սարգսյանի համար խայտառակ արդյունքների համար: Նշենք, որ այդ արդյունքներին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն իսկապես չէին սպասում և դա մեծ անակնկալ էր նրանց համար:
Սպասվում էր, որ Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Միքայել Մինասյանին դեսպան նշանակելու մասին, պետք է հրապարակվեր հենց երեկ: Սարգսյանի պաշտոնական կայքում, սակայն, այդպես էլ նման տեղեկություն չհայտնվեց: Հավանականություն կա նաև, որ Միքայել Մինասյանին, այդուամենայնիվ, կհաջողվի համոզել աներոջը՝ հետ կանգնել իր որոշումից:
Արդյոք Սերժ Սարգսյանն իր որոշման մեջ հաստատուն կլինի, թե Միքայել Մինասյանին կհաջողվի ազդել աներոջ որոշման վրա, պարզ կդառնա առաջիկա օրերին»: