Վախճանվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի զինվորական հոսպիտալում մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, ով տառապում էր քաղցկեղով: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` հղում անելով երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին:

«Մենք ստացանք ամենասոսկալի և ողբերգական նորությունը, որ նախագահ Ուգո Չավեսը մահացել է այսօր տեղի ժամանակով 16:25-ին (Երևանի ժամանակով 01:55-ին)»,- հանրային հեռուտաընկերության եթերում հայտարարել է Նիկոլաս Մադուրոն, ով համարվում է Չավեսի իրավահաջորդը:

2012 թվականի դեկտեմբերից Չավեսը գտնվում էր Կուբայում, որտեղ նրան վիրահատել էին օնկոլոգիական հիվանդության պատճառով: Այդ վիրահատությունը 4-րդն էր 2011 թվականի մայիս ամսից ի վեր, երբ Վենեսուելայի նախագահի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Վերջին վիրահատությունից հետո նրա մոտ բարդություններ էին ի հայտ եկել, ինչի արդյունքում Չավեսի մոտ շնչառական անբավարարվածություն էր սկսվել:

Սույն թվականի փետրվարի կեսերին Չավեսն անակնկալ կերպով Կուբայից տեղափոխվեց Կարակասի զինվորական հոսպիտալ, որտեղ շարունակեց բուժումը: Վենեսուելայի իշխանությունները հայտարարեցին, որ Չավեսը երկիրը կառավարում է հենց հոսպիտալի հիվանդասենյակից:

Չավեսը 1999 թվականի փետրվարից Վենեսուելայի նախագահն էր: Նա 3 անգամ անընդմեջ հաղթել է նախագահական ընտրություններում, վերջին անգամ 2012 թվականի հոկտեմբերին` երկրի կառավարումը ստանձնելով մինչև 2019 թվականը:

Տեսանյութեր

Լրահոս