Եթե նա մասնակից է մահափորձին, ապա ինչ-որ մեկի պատվերն է կատարել. Հայրիկյանը` Վարդան Սեդրակյանի մասին
ԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը: News.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժման կուրսեր է անցնում աջ ձեռքի ցավը մեղմելու ուղղությամբ, շատ քիչ առաջընթաց է զգում: Առայժմ չի մտածում արտերկրում բուժում ստանալու մասին: Բժիշկները նրան հայտնել են, որ այս վիճակը կարող է շարունակվել նվազագույնը 3 ամիս:
Պարույր Հայրիկյանից հետաքրքրվել են նաև էպոսագետ ներկայացող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի ձերբակալման լուրերի մասին: Հարցին, թե հավատում եք, որ նա կապ ունի ձեր մահափորձի հետ, նա այսպես է պատասխանել. «Եթե մասնավոր մի բան լիներ, ասենք օրինակ` ընկերներ լինեինք, մի 20 տարի առաջ վիճած լինեինք, այդ մարդուն չեմ ճանաչել, բացի այդ էլ` մահափորձը մասնավոր բան չի և մասնավոր նկատառումով չի արված, այլ քաղաքական, այդտեղ շատ անսպասելի բաներ են հնարավոր` պատվիրատու, պատվիրատուի պատվիրատու, պատվիրատուի պատվիրատուին պատվեր տվող, այնպես որ ես որևէ նախնական գնահատական չեմ տա, քննություն անող կա, թող քննեն, դրա համար իրենք պետությունից աշխատավարձ են ստանում: Թող քննեն, պարզեն, մեզ ասեն, մենք էլ կամ հավաստի կհամարենք, կամ ոչ, մեր գործն է: Պարզ չի, որ ինքը անձ է, նա չի կարող լինել, եթե ինքը մասնակից է դրան, ապա ինչ-որ մեկի պատվերն է կատարել»:
Հայրիկյանը շեշտել է, որ երբևէ շփում չի ունեցել Վարդան Սեդրակյանի հետ, չի էլ ճանաչել նրան, ընդամենը ընտրություններին «մի քանի հիմար արտահայտություններ է լսել»:
Ի դեպ, հայտնի չէ` ԻՄ-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ, կուսակիցները նրան չեն դիմել այդ հարցով` մտածելով չծանրաբեռնել: