Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը չեն գնա Ազատության հրապարակ
Ինչպես հայտնի է, մարտի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքին, որը կայանալու է այսօր՝ մարտի 5-ին, հրապարակ է հրավիրում գործող նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է, որպեսզի Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ հայտնի, իսկ վարչապետն ու Երևանի քաղաքապետը հրաժարական ներկայացնեն:
Գնալո՞ւ են այսօր Ազատության հրապարակ վերը նշված անձինք, galatv.am-ի լրագրողը փորձել է պարզել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից: «Նախ միտքն է առաջադրված անհեթեթ, այդ առումով էլ որևէ վերլուծություն կուսակցությունում չի եղել և չէր էլ կարող լինել»: Նշանակում է չե՞ն պատրաստվում գնալ հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ մասնավորապես երկրի նախագահն ամբողջ տարին ժողովրդի առջև հաշվետվություն է տվել, թող Րաֆֆի Հովհաննիսյանը մտածի, թե ինքը ինչ հաշվետվություն պետք է տա»:
Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը համարում է քաղաքական ռոմանտիկայի արդյունք:
Անդրադառնալով Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչների և նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի ՍԴ դիմելուն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասել է. «Ես դրա մասին չեմ ուզում խոսք ասել, որովհետև գործն արդեն ՍԴ-ում է, և կարծում եմ` էդպես մեր գնահատականներով ճնշում կամ ոչ ճնշում չպետք է գործենք ՍԴ-ի նկատմամբ, խորհուրդ կտայի նաև հակառակորդ կողմին էդպես վերաբերվեր: Գործերը Սահմանադրական դատարանում են, և դատարանը ինքը իր որոշումը կկայացնի, մեր գնահատականները, կարծում եմ, արգասաբեր չեն լինի և ոչ էլ օգուտ կլինի ընդհանուր դատավարության պրոցեսին»: