«Սենյակ, մահճակալ, գետնին նստած տղա, կարմիր զգեստով աղջիկ, ծածանվող վարագույր, սլացող մեքենա… տեսահոլովակի վրա անպայման չէ շատ փող ծախսել»
Հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, արվեստագետներ արդեն երկմտում են իրենց նոր աշխատանքները համացանց ներբեռնելու մասին: Վերջինս լայն հարթակ է այս կամ այն նորությունը լայն զանգվածներին հասանելի դարձնելու համար: Շատերն իրենց աշխատանքների մասին առաջինը տեղեկացնում են հենց համացանցի միջոցավ:
«Այս պահին ես ձայնագրում եմ միաժամանակ մի քանի երգ, ու սկսել եմ արդեն մտածել՝ ճի՞շտ է արդյոք դրանք պատրաստելուց անմիջապես հետո տեղադրել համացանցում, թե՞ ոչ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց երգահան, կատարող Լիլիթ Բլեյանը:
Վերջինս, ինչպես հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, արվեստագետներ, առանց տեսահոլովակների, պարզապես լուսանկարներով հավաքված տեսանյութերի միջոցով հանրությանն էր ներկայացնում իր նոր աշխատանքները: Դրանք տարածվում, ընդունվում, քննարկվում էին հենց համացանցում:
Այդպիսի աշխատանքների մեծամասնությունն այդպես էլ հեռուստատեսության հարթակ չէր բարձրանում: Ժամանակի ընթացքում նորություն համարվող աշխատանքը կորցնում է իր արդիականությունը՝ ստիպելով արտիստներին նոր համարվող երգերի հիմքում տեսահոլովակներ չնկարահանել:
«Ես, որպես հեռուստատեսության մարդ, ընդհանրապես տեսաշարին շատ զգույշ եմ վերաբերվում: Պատկերը շատ մեծ ազդեցություն ունի, լավ հոլովակը կարող է ճաշակ ձևավորել, վատը կամ վատերը, որոնք այսօր գերակշռում են, թույլ սերիալի պես մի բան են: Ես տեսարան նկարագրեմ, դուք ասեք՝ որ հոլովակից է․ սենյակ, մահճակալ, տղան նստած է մահճակալի դիմացի հատվածում՝ գետնին, ու երգում է իր կորցրած սիրո մասին: Կարմիր զգեստով աղջիկը պարբերաբար հայտնվում ու անհետանում է: Քանի՞ երգ կհիշեք: Երևի ամենաքիչը՝ քսան: Սա սովորական «բալվանկա» է, «տրաֆարետ», որի վրա հավաքվում է հոլովակների մեծամասնությունը: Ընթացքում՝ ծածանվող վարագույրներ կամ սլացող մեքենաներ:
Ո՞վ է ասել, որ հոլովակի վրա անպայման պետք է փող ծախսել, այնքան հետաքրքիր բաներ կարելի է մտածել: Նայեք անիմացիոն ֆիլմ-հոլովակները, որ Նաիրա Մուրադյանը ստեղծել է Հախվերդյանի մանկական երգերի հիման վրա. այ, դրանք ստեղծագործություններ են, որոնց վրա կարելի է և՛ գումար, և՛ ժամանակ ծախսել: Իսկ ընդհանրապես տեսաշարը միշտ պետք է ուղեկցի, լրացնի, մեկնաբանի երգը, ստեղծի երգին հատուկ տրամադրություն, որ էկրանից երգն ավելի ամբողջական հասնի լսողին ու դիտողին: Դա է հոլովակի խնդիրը: Եթե այդ խնդիրը չի լուծվում, եթե սինթեզը չի ստացվում, ապա խնդրում եմ, այդ գումարը տվեք երաժիշտներին, ու ձեր երգերը ձայնագրեք կենդանի գործիքներով: Կխնայենք և՛ մեր աչքերը, և՛ ականջները»,- ասաց Լ. Բլեյանը:
Վերջինս, խոսելով հայկական հեռուստաեթերում հայտնված նմանատիպ տեսաշարերի մասին, նշեց, որ հեռուստատեսությունն ունի կանոններ, որոնք, լավ թե վատ, պարտավոր են պահվել արտիստների կողմից: «Եթե չկա տեսահոլովակ կամ առնվազն համերգային կատարում, ապա միայն ձայնագրված երգը չի կարող հեռարձակվել հեռուստատեսությամբ, տեսաշար, ամեն դեպքում, պետք է: Ես մի փոքրիկ փորձ արեցի. «Ծննդյան գիշեր» երգը լուսանկարիչ Զորիկ Գալստյանի բնապատկեր-ֆոտոներով այդպիսի սլայդ-շոուի միջոցով ներկայացրի, որը, բացի ինտերնետից՝ Ծննդյան տոներին նաև հեռուստաեթերով պտտվեց: Բայց ինչ-որ տեղ երևի պետք է ժանրի կանոնները պահպանենք․ հեռուստաեթերը ենթադրում է տեսաշար, ու դրանից ոչ մի տեղ չես փախչի: Հակառակ դեպքում՝ ստացվում է ռադիո:
Այլ բան է, որ տեսաշարը պետք է ընդամենը օգնի, լրացնի երգին, թե չէ երբեմն հակառակն է լինում: Ես ընդհանրապես կողմ եմ, որ գումարը, եթե կա, ծախսվի լավ երաժշտություն ներկայացնելու վրա, իսկ հոլովակը կարող է լինել նաև շատ «բյուջետային»: Պարտադիր չէ, որ հետաքրքիր հոլովակը թանկ արժենա: Այսօր ամեն մեկս հեռախոսով կարող ենք հոլովակ նկարել, միայն թե «նյութ», ասելիք լինի»,- ասաց Լ. Բլեյանը:
Իսկ ինչ վերաբերում է արտադրվող սկավառակների հանդեպ հայ ունկնդրի անհետաքրքրությանն ու բավական դժվար իրացմանը, նա այս հարցում ևս լուծումներ փնտրելու կողմնակից է: Նրա կարծիքով, կարելի է հետաքրքիր ու օրիգինալ լուծումներ գտնել, որպեսզի ձայնասկավառակների վաճառքը լինի շահութաբեր: «Ո՞վ ասաց, որ պետք է հեշտ լինի ամեն ինչ: Գրողը ցանկանում է, որ իր գիրքը վաճառվի, ու դա բնական է, յուրաքանչյուրը, ով «արտադրանք» է ստեղծում, ցանկանում է վաճառել այն: Աշխարհում ալբոմի ստացված կամ չստացված լինելու մասին խոսում են նրա վաճառքի թվերը:
Իմ դեպքը մի քիչ ուրիշ է, ես գուցե արդեն շատ փոքր չեմ, բայց «երգ թողարկելու» գործում սկսնակ եմ, առաջին սկավառակն ինձ համար, մեծ հաշվով, էքսպերիմենտալ էր: Այսօր արդեն ավելի շատ ժամանակ ունեմ մտածելու, թե ինչ անեմ հետո, քանի դեռ երգերը գտնվում են ձայնագրման փուլում: Կուզեի խորհուրդներ լսել իմացող մարդկանց կողմից, բայց պատկերացրեք, իմացողները շատ չեն: Ամեն դեպքում՝ իմ ձայնագրած երգերից մեկն ունենալու է իր տեսահոլովակը, անգամ սցենարն եմ մտածել: Բայց դրան դեռ երևի մեկ-երկու ամիս կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգահան, կատարող Լիլիթ Բլեյանը: