Ուսումնական հրդեհ ազգային գրադարանում (լուսանկարներ)
Այսօր «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Հայաստանի ազգային գրադարանում անձնակազմի և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում» թեմայով տակտիկական ուսումնավարժություն` նվիրված Քաղպաշտպանության համաշխարհային օրվան։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԻ նախարարության ՓԾ Երևանի փրկարար վարչության թիվ 1, 4 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատները, Երևանի քաղաքապետարանի շտապօգնության ծառայությունը և Հայկական կարմիր խաչի ընկերությունը:
Ուսումնավարժությանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը, Երևանի փոխքաղաքապետ Վ. Վարդանյանը և այլ պաշտոնատար անձիք:
Ըստ պլանավորած սցենարի` ազգային գրադարանի հինգերորդ հարկում հրդեհ է բռնկվում, որն աստիճանաբար տարածվում է շենքի տանիք: Ներսում գտնվող անձնակազմի և այցելուների մի մասն արագ կարգով տարհանվում է, իսկ մի քանիսը խուճապահար բարձրանում շենքի վերին հարկեր:
Դեպքի վայր ժամանեց երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Փրկարարներն արագ կազմակերպեցին ներսում գտնվող մարդկանց տարհանումը: Միաժամանակ` իրականացվեց հետախուզություն և սկսվեցին հրդեհաշիջման աշխատանքներ:
Հետախուզության արդյունքում պարզվեց, որ ներսում կա երեք տուժած: Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ փրկարարները պարանների օգնությամբ շենքի վերին հարկերից տարհանեցին տուժածներին և հանձնեցին դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայության աշխատակիցներին:
Ամփոփելով հայաստանի ազգային գրադարանում կայացած ուսումնավարժության արդյունքները` ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը մասնավորապես ասաց.
– Այսօր քաղպաշտպանության միջազգային օրն է, և այդ օրվան նվիրված ամբողջ հանրապետության տարածքում իրականացվում են տարբեր քաղպաշտպանական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ` հանրապետությունում կազմակերպվել է 338 միջոցառում (վարժանքներ, դասախոսություններ և այլն), որից 100-ը` Երևանում: Նման միջոցառումները նպատակ են հետապնդում բարձրացնել պաշտպանական գործողությունների մակարդակը և ձևավորել տարբեր ստորաբաժանումների ու կառույցների միջև սերտ համագործակցություն:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը` կարևորելով այսօրվա միջոցառումը` նշեց.
– Հայաստանի ազգային գրադարանն աշխարհում հայագիտական նյութերի ամենամեծ գրապահոցն է։ Մեզ համար շատ կարևոր է վստահ լինել, որ հրդեհի դեպքում գրադարանը հնարավորինս պաշտպանված է: Մեզ մոտ առաջին անգամ էր նման ծավալի միջոցառում անցկացվում, ինչը շատ կարևոր է և ողջունելի: Ես շատ տպավորված եմ`թե փրկարարական աշխատանքների իրականացման մակարդակով, թե ներգրավված տեխնիկայով: Հուսով եմ, որ հետագայում ևս կլինեն նման ուսանելի միջոցառումներ: