«Ռ. Քոչարյանը հրահանգ է տվել, Հ. Հարությունյանը կրակել է, Ա. Հովսեփյանը՝ կատարած հանցագործությունը ծածկել». Ս.Աբրահամյան
«Հանրապետություն» կուսակցությունն՝ իր ղեկավար Արամ Զ. Սարգսյանի գլխավորությամբ, քիչ առաջ եղավ Մյասնիկյանի հրապարակում, ծաղիկներ դրեց՝ հարգանքի տուրք մատուցելով Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Մի քանի րոպե հրապարակում կանգնելուց հետո, կուսակցության ներկայացուցիչները շարժվեցին դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցվել՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի։
168.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանն ասաց, որ Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկն է, և հայ իշխանավորը սեփական աթոռը պահելու համար զենք բարձրացրեց հայ ժողովրդի վրա։ «Դեռ այն ժամանակ էլ պարզ էր, որ իշխանությունների գործողություններն ադեկվատ չէին խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ամենապարզ ձևակերպմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը հրահանգ է տվել, Հայկ Հարությունյանը կրակել է, Աղվան Հովսեփյանը՝ կատարած հանցագործությունը ծածկել»,- նշեց Սուրեն Աբրահամյանը։
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի կարծիքով՝ Մարտի 1-ի վերքը չի սպիացել և յուրաքանչյուր քաղաքացի հանցագործությունը պատժելու պահանջատեր է։
Ս. Աբրահամյանը հավատացած է, սակայն, որ այս իշխանության պարագայում Մարտի 1-ի բացահայտումը հնարավոր չէ։
Տեսանյութը՝ առաջիկայում։