Ի՞նչ են մտածում կուսակցությունները՝ Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Երևանի ավագանու ընտրությունների նախըտնտրական ցուցակը գլխավորելու է Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ի տարբերություն ՀՀԿ-ի` մյուս կուսակցությունները դեռ վերջնական որոշում չունեն:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը 168.am-ին հայտնեց,որ կուսակցությունում այդ թեմայով քննարկում չի եղել: «Դեռ ժամանակ ունենք»,-ասաց Հ. Խուրշուդյանը` հավելելով, որ ետընտրական պրոցեսը ավագանու ընտրություններին նախապատրաստվելուն չի բացառում, դրանք կարող են զուգահեռաբար ընթանալ: Խուրշուդյանի խոսքերով, ամենայն հավանականությամբ,  առաջիկա օրերին քննարկումը կլինի: Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն իր շտապողականությամբ ցանկանում է ասել, որ նախագահի ընտրությունները համարում է ավարտված փուլ, Հովսեփ Խուրշուդյանը  պատասխանեց. «Դա իրենց իրավունքն է, ինչ ուզում են` թող մտածեն: Մենք այսօր առաջնային այլ խնդիր ունենք»:

Ի տարբերություն «Ժառանգության»` ՀՅԴ-ն արդեն սկսել է քննարկումները, սակայն վերջնական որոշում դեռ չունեն: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը 168.am-ի հետ զրույցում դժվարացավ պատասխանել, թե երբ հայտնի կլինի ՀՅԴ-ի վերջնական դիրքորոշումը: Հարցին, թե մասնակցել-չմասնակցելը և՞ս քննարկվում է կուսակցությունում, Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ չմասնակցության հարց այս պահին դեռ չեն քննարկում:

ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը ևս տեղեկացրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության  վերաբերյալ հայտարությունն առաջիկա օրերին կլինի: «Մենք քննարկում դեռ չեն անցկացրել, բայց անպայման լինելու է: Առաջիկա  օրերին համապատասխան հրապարակմամբ հանդես կգանք»,-ասաց նա։

Կարդացեք նաև

Իսկ թե երբ պարզ կլինի ԲՀԿ ցուցակը, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ժամկետների առումով որևէ կանխատեսում չարեց, բայց խոստացավ` երբ պարզ լինի, անպայման կհայտնեն: Հարցին, թե շտապողականություն չե՞ք տեսնում ՀՀԿ-ի գործողություններում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Շատ ներողություն, ես Շարմազանովը չեմ, ես Ուրիխանյանն եմ, այդ հարցը տվեք ՀՀԿ-ի լիազոր ներկայացուցչին: Ես ՀՀԿ-ի կողմից  խոսելու լիազորություն, կոմպետենտություն և ցանկություն չունեմ, մեզ հետ կապված՝ սիրով պատասխանեմ ցանկացած հարցի»:

Տեսանյութեր

Լրահոս