Հեղինե Բիշարյանը ետ վերցրեց իր բառը
Այսօրվա ԱԺ ճեպազրույցին ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով այն հարցին, թե ո՞ւմ է մեղադրում Մարտի 1-ի ողբերգական դեպքերի համար, ասաց. «Չեմ կարող որևէ մեկին մեղադրել: Տեղի են ունեցել բախումներ, եղել են զոհեր: Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են, գուցե և չի բավարարում այն, ինչ տեղի է ունեցել կամ ովքեր որ դատապարտված են, չի լուծվել այդ բոլոր դժգոհությունները, որոնք ևս առկա են. սա մեկ այլ խնդիր է»: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր են այդ դատապարտվածները, Հ. Բիշարյանը տարակուսանքի մեջ ընկավ՝ ասելով. «Դատապարտված են նրանով, որքանով մենք պատկերացում ունենք, թե ի՞նչ է տեղի ունեցել և նույնիսկ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը տվեց իր ենթադրությունները, և դրանով գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի է հասկացվել՝ ետ եմ վերցնում: Ուղղակի ես ավելին ասել չեմ կարող՝ ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ դատավոր»:
Ի դեպ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք արդեն որոշում ունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու, և այդ մասին կհայտնեն առաջիկայում: