Բաժիններ՝

«Ժողովրդի կողքին». մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո մտավորականների, մասնագետների մի մասը լքեց երկիրը, մյուս մասը մնաց և շարունակեց բարեխղճորեն զբաղվել սեփական գործով՝ դիմանալով կյանքի դժվարին պայմաններին, հավատարմություն չհայտնելով «կարմիրներին», բայց նաև չհակադրվելով նրանց:

Այդպիսի «ապաքաղաքական» մասնագետներին Տրոցկին արհամարհանքով անվանում էր «ուղեկիցներ» (попутчики)՝ ընդգծելով այդ մարդկանց ժամանակավոր կարգավիճակը. նրանք մեր՝ բոլշևիկներիս կողքին են այնքան ժամանակ, մինչև որ մենք կունենանք մեր՝ սեփական կադրերը, որից հետո մենք այդ «ուղեկիցներին» կոչնչացնենք:

Պետք է ասել, որ դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ, քան ենթադրում էր այդ ընթացքում «ժողովրդի թշնամի» հայտարարված այդ հեղափոխականը, և նման խելահեղ քայլի հետևանքները մենք զգում ենք առայսօր:

Ջարդելով «ապաքաղաքական» մտավորականությանը և ստեղծելով սեփականը՝ «կարմիրը», մենք տասնամյակներով հետ գցեցինք գիտությունը, կրթությունը, հասարակությունը՝ դարձնելով վերջինիս գործողությունները «բնազդային», անուղեղ:

Մտածողության այս ոճը շարունակում է գերիշխող լինել նաև անկախ Հայաստանում: Այդ մտայնությունից ծնվում է հետևյալ հարցը՝ իսկ ինչո՞ւ դու ժողովրդի կողքին չես: Հատկապես զավեշտական է, իհարկե, երբ այդ հարցը տալիս են մարդիկ, որոնք արդեն 20 տարի է՝ Հայաստանում չեն՝ 90-ականներին այստեղ չեն մրսել, սոված չեն մնացել, առավել ևս՝ ռազմաճակատում չեն եղել:

Սրբորեն հարգում եմ ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ այդ մարդիկ որոշել են իրենց կյանքը կազմակերպել այլ երկրներում, բայց երբ նրանք մեզ՝ Հայաստանում ապրողներիս, կոչ են անում լինել միասնական կամ լինել ժողովրդի կողքին, դա բավականին ծիծաղելի է: Ո՞վ է ժողովրդին ավելի մոտ՝ այն մա՞յրը, որը 90-ականներին նավթավառի լույսի տակ երեխա է լույս աշխարհ բերել և հիմա, ապրելով այստեղ, ոչ մի քաղաքացիական ակտիվություն չի դրսևորում, թե՞ Գլենդելի արմավենիների տակ ազգի դարդերի մասին փիլիսոփայող նախկին հայաստանցին:

Ժողովրդի, այսինքն՝ իրականում սեփական քաղաքական թիմի կողքին լինելը թեստ չէ, որով հնարավոր է գնահատել մարդու մտավոր և բարոյական որակը: Մի անգամ չէ, որ լսել եմ՝ պաշտոն կստանան (կամ ստացել են) նրանք, ովքեր իմ կողքին պայքարել են: 90-ականների սկզբին նման բան արդեն եղել է՝ «պոպուտչիկներից» ազատվել են շատ արագ: Դրա արդյունքը հայտնի է:

Բարեբախտաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը (հավանաբար, իր ոչ խորհրդային ծագման պատճառով) փորձում է դուրս գալ բոլշևիկյան կաղապարներից: Կապանում խիստ ընդդիմադիր հոծ զանգվածի առաջ Րաֆֆին քաջալերեց ոմն Մագդայի, որը սեփական նախաձեռնությամբ կամ Լիցկայի դրդմամբ բարձրացավ հարթակ և սկսեց պաշտպանել «քրեածին» մարզպետին: Եվ դա ճիշտ է՝ Մագդան նույնպես ժողովրդի ներկայացուցիչ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս