Երկրաշարժի դեպքում Երևանին վտանգներ են սպառնում. Կ.Դանիելյան

Երկրաշարժի դեպքում Երևանին վտանգներ են սպառնում: Ռիսկն ավելի է բարձրանում քաղաքում շենքերի խիտ կառուցման արդյունքում:  Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության խորհրդին առընթեր Բնապահպանական հանձնաժողովի նախագահ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը:

Վերջինիս հետ համաձայն է նաև նույն հանձնաժողովի անդամ Ռուբեն Յադոյանը։

«Երևանում նոր կառուցված շենքերի հիմքերը խախուտ են: Այսօր ոչ մեկը հիմքերի նկարագիրը ճիշտ չի տալիս. չկան այդպիսի մարդիկ, ես չեմ ճանաչում՝ ովքեր են: Ես ինքս երկրաբան եմ, իմ մասնագիտության մարդ չեմ տեսնում, որը կարող է այդ նկարագիրը տալ: Առաջ մենք հավաքվում էինք, վիճաբանում էինք, հիմա ով ինչ ուզում՝ անում է. դրա համար էլ այդպիսի վիճակ է, չգիտես՝ որ շենքը որքան կդիմանա: Սեյսմիկը սեյսմիկության մասին է խոսում՝ առանց երկրաբանական հիմքերի մասին գաղափար ունենալու: Ինչպե՞ս կարելի է, եղբա՛յր: Հո սեյսմիկան օդից չի՞ գալիս. այն հիմնավորված է լինում ինժեներաերկրաբանական տվյալների վրա: Շատ վտանգավոր է, չգիտենք՝ ինչ կկատարվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Յադոյանը:

«Չնայած մեզ համոզում են, որ հին, սովետական շենքերն անբավարար են, իսկ նոր շենքերը սեյսմակայուն են, բայց խնդիրն այն է, որ ես չեմ կարող չվստահել.  միգուցե շենքը  սեյսմիկ կայուն է, բայց գրունտի վիճակի հարցն է: Գրունտը պետք է կարողանա դիմանալ այդ շենքերի ծանրությանը, իսկ այդպիսի ուսումնասիրությունները լիարժեք չեն»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Կարդացեք նաև

Վերջինիս խոսքով՝ քաղաքում շենքերի խիտ կառուցման հետևանքով ևս ռիսկերը շատացել են. «Մի շենքը քանդվելով՝ մյուս շենքը կարող է հետևից տանել: Կանաչ տարածքների կառուցապատումը ևս վտանգներ է պարունակում: Կանաչ տարածքները ոչ միայն էկոլոգիական նշանակություն ունեն օդի ավազանի առումով, դրանք նաև նախատեսված են նրա համար, որ սեյսմիկ երևույթի պարագայում մարդիկ կարողանան շենքից դուրս փախչել և տեղավորվել կանաչ տարածքներում: Դրանք բոլորն էլ կառուցապատվեցին, այսինքն՝ այս տարիների ընթացքում հակասեյսմիկ կառուցապատում է եղել Երևանում»:

Կարինե Դանիելյանի հավաստմամբ՝ անհրաժեշտ է շենքերի սեյսմակայունության գնահատման աշխատանքներ իրականացնել. «Ես օրինակ, ապրում եմ Խանջյան փողոցի վրա, 60-ական թթ. կառուցված քարե շենքում, և երբ քաղաքապետարանում խոսում եմ, ասում են՝ այդ շենքերը մենք կարող ենք քանդել, դրանց տեղում բարձրահարկ շենք կառուցել: Երբ դեմ ենք խոսում, ասում են՝ դրանց սեյսմիկ անվտանգությունն ապահովված չէ, այնինչ ինչքան երկրաշարժ եղել է, մեր շենքերում անգամ ջահ չի շարժվել, այսինքն՝ լրիվ հակառակ տպավորություններ կան: Որտեղ որ իրենց պետք է, ուզում են այնտեղ հսկայական շենք դնել, ասում են՝ սեյսմիկ վտանգի տակ է այդ շենքը, հին է, այսինքն՝ այդ սպեկուլյացիան էլ կա»:

Կարինե Դանիելյանը նշեց, որ որքան ինքը շփվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, տեսել է քաղաքական կամք՝ խնդիրները լուծելու համար, սակայն այդ կամքը միայն բավարար չէ. մեխանիզմների, ֆինանսական միջոցների հարց կա: Բավական շատ ֆինանսական միջոցներ են պահանջվում խնդիրը լուծելու համար:

«Գոնե պետք է դադարեցվի քաղաքի կենտրոնի խտացումը: Օրինակ՝ դպրոցներից 1-3 մ հեռավորության վրա հսկայական շենքեր են դնում կանաչ տարածքի փոխարեն: Այսինքն՝ եթե երկրաշարժ եղավ, դպրոցների գլխին պիտի ջարդվի այդ շենքը, և բազմաթիվ դպրոցներ այդ վիճակում են: Այդքան մենք ասացինք, բայց ոչինչ չփոխվեց,- ասաց Կ. Դանիելյանը և ավելացրեց,- Քաղաքաշինությունը քարի մեջ ֆիքսում է, թե ինչ վիճակ է երկրում բարոյականության առումով և իրավապահության առումով, այսինքն՝ օրենքները գործո՞ւմ են, թե՞ չէ, և բարոյականություն կա՞, թե՞ ոչ: Անկախության տարիներին մեր ամբողջ քաղաքաշինությունն ուղղակի ֆիքսել է, որ օրենքները չեն գործում, և անբարո քաղաքականություն է իրականացվել քաղաքաշինության ոլորտում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս