
Մանվել Բադեյանը «Carrefour»-ին առաջարկել է իր ունեցած տարածքը

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն առաջարկել ֆրանսիական «Carrefour» ցանցին իր ունեցած տարածքը հիպերմարկետ կառուցելու համար, սակայն այն հարմար չի եղել։ Այդ մասին eMedia.am-ի թղթակցին ասել է ինքը Բադեյանը։ Խոսելով պատճառներից, նա նշել է, որ շենքը չէր համապատասխանում՝ իր ֆիզիկական բնութագրերով։ «Հայաստանում գոյություն ունեցող շենքերը չեն կարող այդ պահանջներին բավարարել, որովհետև պահանջվում է, որ 1 քառակուսի մետրը դիմանա ոչ պակաս քան 1000 կիլոգրամ», – ասել է նա, նշելով, որ Հայաստանի շենքերը պակաս քաշի են դիմանում։ «Կարֆուրն ունի ծանր սարքավորումներ, դրա համար կամ նրանց պետք է առաջին հարկ տալ, ուր միջհարկային ծածկեր չկան, կամ հատուկ շենք սարքել», – կոնկրետացրել է նա։ Պատգամավորը հայտնել է նաև, որ, ըստ շրջանառվող լուրերի, Carrefour–ն իր շենքը կառուցում է Ավանում, ընդ որում՝ շինարարությունը վաղուց է սկսվել։