D-Link ընկերության հետազոտական կենտրոնը տեղափոխվում է Հայաստան

D-Link ընկերության հետազոտական կենտրոնը տեղափոխվում է Հայաստան: Արդյունքում՝ այս տարվա ծրագրերով մեր երկրում կստեղծվի 107 աշխատատեղ: Խոսքը ծրագրավորողների մասին է, որոնց միջին աշխատավարձը կլինի ավելի քան 900 ԱՄՆ դոլար: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց D-Link ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը: Նրա խոսքով՝ ծրագրավորողների մի մասը կաշխատի Երևանում, իսկ մյուս կեսը՝ Գյումրիում: Հաջորդ տարի աշխատակիցների թիվը նախատեսվում է հասցնել 250-ի, սակայն, Ա. Շահնազարյանի խոսքով՝ որակյալ մասնագետների պակաս կա Հայաստանում:

«Որակյալ մասնագետ գտնելը շատ դժվար է, արդյունքում՝ մենք ստիպված ենք կրճատել մեր ծրագրերով նախատեսված աշխատատեղերի քանակը: Այս տարվա շրջանավարտներին մենք պետք է ընտրենք, աշխատանքի վերցնենք և մի ամբողջ տարի աշխատենք նրանց հետ՝ մասնագետ դարձնելու համար»,- ասաց Ա. Շահնազարյանը:

Նրա տեղեկացմամբ, D-Link-ն աշխարհում ունի երեք հետազոտական կենտրոններ, որոնք գտնվում են Թայվանում, Ռուսաստանում և Հնդկաստանում: Վերջինս փակվել է, և Հնդկաստանի հետազոտական կենտրոնն ամբոջղությամբ տեղափոխվում է Հայաստան:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է հենց Հայաստանն ընտրվել՝ որպես հետազոտական կենտրոնի տեղափոխման վայր, Ա. Շահնազարյանը պատասխանեց.  «Պատճառն այն է, որ որոշ բաներ համընկել է, Հնդկաստանի խնդիրներին զուգահեռ՝ Հայաստանում անցկացվեց «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև մեր ընկերության նախագահը, նա Հայաստանում տեսավ Synopsys, Microsoft, National Instruments և այլ հայտնի ընկերությունների, և հենց այստեղ էլ որոշվեց, որ Հայաստանում փորձական խումբ է ստեղծվում»,- ասաց Ա. Շահնազարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Հայաստանում D-Link-ի մասնագետները ընկերության սարքերի ծրագրային ապահովման մի մասի վրա են աշխատելու:

Տեղեկացնենք, որ D-Link-ը մասսայական բնույթի ցանցային սարքեր արտադրող առաջատար ընկերություն է, այն ներկայացված է աշխարհի 176 երկրներում:

D- Link ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս