Բաժիններ՝

Ինչո՞ւ են հարկավոր պրոբիոտիկները

Ամեն օր սննդի հետ մեր օրգանիզմ են ներթափանցում առողջության համար շատ կարևոր բակտերիաներ` պրոբիոտիկներ: Այս տերմինը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «կյանքի համար օգտակար»: Իսկ ինչպե՞ս նրանցից ստանալ մաքսիմալ օգուտ:

Աշխարհն այս բակտերիաների մասին տեղեկացավ դեռևս նախորդ հարյուրամյակում, երբ ռուս կենսաբան, Նոբելյան մրցանակակիր Իլյա Մեչնիկովը խոսեց կաթնաթթվային մթերքների մասին: Նա պարզեց, որ այդ մթերքների մեջ պարունակվում են այն նույն կենդանի միկրոօրգանիզմները, որոնք առկա են մեր ստամոքսա-աղիքային տրակտում, և որոնք էլ նպաստում են վերջինիս ճիշտ ֆունկցիաների կատարմանը: Կաթնաթթվային մթերքի պատրաստման գործընթացը շատ դյուրին է. Կաթը թթվում է այս կամ այն բակտերիայի շնորհիվ, և արդյունքում էլ  ստացվում է յոգուրտ, մածուն, թթված կաթ:

Պաշտպանության համակարգ: Աղիքի միկրոֆլորան այն միկրոօրգանիզմներն են, որոնք մասնակցում են սննդի մարսմանը, ապահովում են աղիի իմունային համակարգը` արտադրելով հակաբիոտիկանման նյութեր: Բացի այդ, դրանք չեզոքացնում են տոքսինները, որոնք առաջանում են մարսողության պրոցեսում: Այս բակտերիաների կարևորագույն ֆունկցիաներից մեկը B12 վիտամինի արտադրումն է, որը կարգավորում է օրգանիզմի ածխաջրերի և ճարպերի փոխանակությունը: Աղու միկրոֆլորան արտադրում է նաև ֆոլիևյան թթու, որը շատ անհրաժեշտ է արյունատար անոթների և իմունային համակարգի զարգացման համար:

Մեր օրգանիզմի միկրոֆլորան շատ բարդ և ոչ կայուն համակարգ է: Գերհոգնածությունը, զգայական սթրեսները, ինֆեկցիաները, քրոնիկ հիվանդությունները, հակաբիոտիկների երկարատև օգտագործումը, ոչ կանոնակարգված սննդի ռեժիմը, քնի խանգարումը` այս բոլորը նպաստում են նրան, որ որոշ բակտերիաներ անհետանան մեր օրգանիզմից, և նրանց տեղն առաջանան վնասակար բակտերիաներ: Հենց այս վնասակար բակտերիաների հետևանքով էլ առաջանում են փորկապություն կամ աղիների թուլություն, ինֆեկցիաների նկատմամբ բարձր ընկալողականություն, իմունային համակարգի թուլացման հետևանքով ալերգիկ ռեակցիաներ:

Երբ մենք սթրես ենք տանում, դադարում ենք սնվել, և այդ ժամանակ առաջանում է սրտխառնոց, ցավ և դիսկոմֆորտ` պաթոգենիկ միկրոֆլորայի ինտոքսիկացիայի պատճառով: Հայտնի է նաև «ճանապարհորդի  լուծ» հասկացությունը, երբ ջրի, կլիմայի և սննդամթերքի փոփոխության հետևանքով առաջանում է  աղիքների ֆունկցիայի խանգարում: Նման «դրսևորումներն» էլ բժիշկներն անվանում են դիսբակտերիոզ: Այս հիվանդությունը բուժվում է հենց համանման բակտերիաներով, սակայն հիվանդն այն ստանում է ոչ թե յոգուրտից, այլ բժշկի կողմից նշանակված հատուկ դեղամիջոցներից: Որպեսզի կաթնաթթվային մթերքն իր ֆունկցիան ճիշտ կատարի, անհրաժեշտ է, որ  1մլ-ում պարունակվի 1մլն միկրոօրգանիզմ: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային մթերքները պահել 4-8˚C ջերմաստիճանի պայմաններում: Նման դեպքում նրանց օգտակար հատկությունները պահպանվում են 6 շաբաթ, իսկ ահա բարձր ջերմաստիճանում  նրանք անհետանում են: Առողջ մարդուն հարկավոր է օգտագործել օրական 2-4 բաժակ  կաթնաթթվային մթերք: Ստամոքսի բարձր թթվայնությամբ մարդկանց խորհուրդ չի տրվում օգտագործել թթու ըմպելիքներ (ացիդոֆիլին, մածուն): Գիրության հակում ունեցողներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել կաթնամթերքում պարունակվող ճարպերի քանակին:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս