Ընտրական հաշվեհարդարի վտանգավորության մասին
Երեկ հաստատվեցին տեղեկությունները, որ հրաժարական է տվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Այսօր արդեն տեղեկություններ հայտնվեցին, որ հրաժարականի դիմում են ներկայացրել Արմավիր քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս հրաժարականներին որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տրվում: Հայտնի է միայն, որ այս երեք պաշտոնյաներին միավորում է մեկ ընդհանրություն. 2013թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում նրանց ղեկավարության տակ գտնվող տարածքներում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը պարտություն է կրել: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա առաջիկայում այս հրաժարականների շարքը պետք է շարունակվի, և վերը նշված անձանց պետք է միանան ևս մի քանի քաղաքապետեր և Հայաստանի տասնյակ գյուղապետեր:
Բայց որքանո՞վ են նրանք մեղավոր նախագահ Սերժ Սարգսյանի պարտության կամ հաղթանակը ապահովելու անկարողության համար: Իհարկե, նրանք բոլորն էլ ՀՀԿ-ականներ են և որպես կուսակցականներ` պետք է աշխատեին իրենց կուսակցական ղեկավարի հաղթանակը ապահովելու համար: Այդ հաղթանակը ապահովելու ընդամենը մեկ օրինական ձև կա. նրանք իրենց ղեկավարած պաշտոններում պետք է այնքան լավ աշխատեին, որ այդ մարզի կամ քաղաքի բնակիչները նրանց կոչով ձայն տային երկրի ղեկավարին:
Այսինքն եթե Գիզիրյանը, Դարբինյանը կամ Խլղաթյանը թերացել էին իրենց աշխատանքում, ապա նրանց պետք էր փոխել մինչև ընտրությունները, և նրանց փոխարեն նշանակել կամ առաջադրել այնպիսի թեկնածուների, ովքեր իրենց գործունեությամբ չէին առաջացնի այդ մարզի կամ քաղաքի շարքային բնակչության դժգոհությունն ու զզվանքը իշխանությունից, որը և նրանք կարտահայտեին նախագահական ընտրությունների ժամանակ:
Բայց պարզ է, որ իրավիճակը բոլորովին այլ է: Իշխանությունը պատրաստ է հանդուրժել տեղական պաշտոնյաների ցանկացած կամայականություն,ապաշնորհ կառավարում, օրենքի ոտնահարում, վատ և անարդյունավետ աշխատանք, եթե նրանք պատրաստ են և կարողանում են ընտրությունների ժամանակ ապահովել իշխանության և նրա բարձրագույն ներկայացուցչի հաղթանակը:
Սերժ Սարգսյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրինակով, դեռ անցյալ տարի ցույց տվեց, որ ինքը կարող է աչք փակել տեղական իշխանությունների ցանկացած ձախողման, ժողովրդի դժգոհության ցանկացած դրսևորման նկատմամբ, բայց մինչև վերջ անողոք է լինելու բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ձախողելու են ՀՀԿ-ի կամ նրա ղեկավարի ընտրությունները: Այդ օրինակը կարծես թե դաս չեղավ: Այլ ընդհակառակը՝ ավելի մեծ թվով քաղաքապետեր տապալեցին երկրի ղեկավարի ընտրությունը: Հարց է առաջանում՝ ինչու:
Բայց պետք է նկատի ունենալ նաև, որ այս համակարգը ևս ունի իր մեծ բացթողումը: 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աշոտ Գիզիրյանին հաջողվեց Վարդան Ղուկասյանից ազատվել` Գյումրիում ՀՀԿ-ական թեկանծու Արման Սահակյանի պարտության մեղքը բարդելով քաղաքապետ Վարդան Ղուկակասյանի վրա: Բայց այս անգամ նույն թակարդն ընկավ ինքը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երկար ժամանակ փորձում էր ազատվել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից և նախագահական ընտրությունները օգտագործելով՝ կարծես թե հասնում է իր նպատակին: Բայց վաղը կարող է նույն ձևով ինքը հայտնվել այդ թակարդում: Վարդան Ղուկասյանի օրինակը շատերին ստիպեց մտածել, որ քաղաքական հակառակորդներից ազատվելու համար ամենահեշտ ճանապարհը նրանց տապալումն է ընտրություններում, քանի որ այդ դեպքում չկա ներողամտության ոչ մի դրսևորում, հումանիզմի ոչ մի նշույլ: Եվ եթե ուզում ես ազատվել ինչ որ մեկից, ապա ավելի հեշտ ճանապարհ չկա, քան անել այնպես, որ այդ մարդը իր տարածքում տապալվի: Այսինքն ներիշխանական հաշվեհարդարը տեղի է ունենում ընտրություններում այս կամ այն պաշտոնյայի ձախողումը կազմակերպելով, ինչ արդյունքում կտրուկ մեծանում է իշխանության ձախողման մեջ շահագրգռվածների քանակը: Դրանից տուժում են ոչ միայն կոնկրետ պաշտոնյաները, այլ մեծ հաշվով ամբողջ իշխանությունը: