Արթիկի քաղաքապետի համար արդյունքները սպասելի էին

Շիրակի մարզի Արթիկ քաղաքն այն համայնքներից է, որտեղ փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրություններում հաղթել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն Արթիկի 9 ընտրատեղամասերից միայն երկուսում է հաղթել: Ընդհանուր առմամբ, Արթիկում Սերժ Սարգսյանը հավաքել է 4004 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 4920 ձայն: Հաշվի առնելով, որ նախօրեին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էր հրաժարական տվել, իսկ այսօր շրջանառվում էին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին լուրերը, փորձեցինք պարզել, թե Արթիկի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արսեն Աբրահամյանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:

– Պարոն Աբրահամյան, հնարավո՞ր է՝ հետևեք Շիրակի  մարզպետի օրինակին և հրաժարականի դիմում գրեք:

– Երևի գիտեք, որ ես երեք ամիս է, ինչ քաղաքապետ եմ ընտրված, և այս պահին Արթիկում ընտրությունների գրանցված արդյունքի հետ կապված հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում:

– Իսկ քիչ ձայն  նախագահի ընտրություններում  ապահովելու համար  ՀՀԿ-ի կողմից նկատողությունը և՞ս բացառում եք:

– Չեմ կարծում՝ նման բան լինի, որովհետև այս արդյունքն էլ վատ չեմ համարում: Եթե վերլուծենք նախկին ընտրությունները, նայենք թվերով, ապա Արթիկ քաղաքում ոչ մի ընտրության ժամանակ նախագահն առաջին փուլում 3000 ձայնից ավելի չի տարել, իսկ այս ընտրություններում նախագահը 4000-ից ավելի ձայն է հավաքել, այսինքն՝ դա արդեն համեմատության մեջ դրական է:

– Վերլուծե՞լ եք, թե ինչո՞ւ Արթիկում ընդդիմության թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուին:

– Շիրակում ընդհանրապես և Արթիկում, մասնավորապես, միշտ էլ ընդդիմությունը շատ ձայներ է տանում, դա, երևի, պայմանավորված է նրանով, որ Շիրակում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, աղքատության ամենաբարձր աստիճանն է, խնդիրները բազմաթիվ են, բավականին լարված սոցիալական իրավիճակ է մարզում, և ճիշտ է՝ իրավիճակը շտկվում է, բայց երևի ժողովրդին չեն գոհացնում տեմպերը:

– Գուցե Արթիկում ՀՀԿ-ն ավելի ժողովրդավարական մոտեցում է ցուցաբերել և մյուս տարածքների համեմատ՝ կեղծիքների քիչ է դիմել,  այդ պատճառո՞վ է նման ցուցանիշ գրանցվել:

– Ես չէի ասի, թե մյուս տեղերում կեղծիքներ եղել են, որովհետև և նախագահը՝ պարոն Սերժ Սարգսյանը,  բազմիցս է ասել, և ՀՀԿ պատասխանատուները նշել են, որ պետք է կազմակերպվեն նորմալ, արդար ընտրություններ, և Արթիկում էլ, չեմ կարծում՝ եղել է առավել  ազատ, արդար ընտրություն, քան մյուս վայրերում: Ուղղակի, ես ասացի, թե ինչ պատճառով Արթիկում իշխանությունը բավարար ձայներ չի ստացել:

– Ձեր աշխատանքի թերացումը  չե՞ք տեսնում իշխանության թեկնածուի պարտության մեջ:

– Եթե դուք նկատի ունենք քաղաքապետարանում աշխատանքը, ապա երեք ամսում ես երևի չէի կարողանա սարեր շուռ տալ, բայց ժողովուրդն արդեն հավատում է իր ընտրված նոր պատգամավորին, հավատում է իր նոր քաղաքապետին, 3000 ձայնի փոխարեն՝ թեկնածուն ստացել է 4000 ձայն, այնպես որ, դրական տեմպեր կան տարածաշրջանում: ՀՀԿ նախագահը՝  ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, Արթիկի տարածաշրջանում վերջին 3 տարիների ընթացքում իրականացրել է ծրագրեր  500 մլն դրամից ավելի՝ ճանապարհաշինության, բազմաբնակարան շենքերի տանիքների կառուցման և այլ ծրագրեր, որոնք նախորդ 10 տարիների ընթացքում չեն իրականացվել: Այնպես որ, այստեղ միայն քաղաքապետի աշխատանքով չէ, իշխանությունները բավարար ուշադրություն դարձրել են, ուղղակի, նորից եմ ասում, կապված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ՝ երևի թե մեր ժողովուրդն ավելին է ցանկանում:

– Այսինքն՝ Ձեզ համար անակնկալ չէի՞ն գրանցված ցուցանիշները:

– Այո, նորություն չէր, և այստեղ ՀՀԿ-ի վատ աշխատանքի խնդիր չկա, իհարկե, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը նույնացնում են իշխանության հետ, դա բնական է, պարզ է, բայց ես համարում եմ, որ իշխանությունը բավարար ծավալի աշխատանք կատարել է:

– Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտարարել էր, որ ժողովուրդն անգիտակցաբար է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ չհասկանալով, թե ինչպես պետք է անի, որ լավ ապրի: Արթիկի ժողովուրդն է՞լ  է անգիտակցակաբար ընտրել:

– Ոչ, ժողովուրդը միշտ օբյեկտիվ է, ժողովուրդը միշտ գիտակից է: Ես, իհարկե, համաձայն չեմ Վանաձորի քաղաքապետի հետ:

-Նորմա՞լ եք համարում, որ մարզպետը կամ քաղաքապետը հրաժարական են տալիս ոչ թե այն բանի համար, որ չեն կարողանում լուծել մարզի կամ քաղաքի խնդիրները, այլև կուսակցության թեկնածուին  ոչ բավարար քանակությամբ ձայներ ապահովելու պատճառով:

– Եթե տվյալ մարզպետը կամ քաղաքապետը գտնում է, որ ինքն իր աշխատանքով թերացել է, ինքն իր աշխատանքից բավարարված չէ, երևի թե նորմալ է: Դա միայն մարզպետերին կամ քաղաքապետերին չի վերաբերում, յուրաքանչյուրն, ով զբաղված է աշխատանքով, երևի այդպես պետք է վարվի, այսինքն՝ եթե ինքը կարծում է, որ չի կարողանում կատարել աշխատանքը, իհարկե, պետք է հրաժարական տա:

– Հանդիպե՞լ եք ՀՀԿ ղեկավարության հետ:

– Ես անձամբ զրույցներ չեմ ունեցել ՀՀԿ ղեկավարության հետ, իմ շփումները եղել են մարզպետի հետ, խոսակցությունները եղել են այն նույն թեմատիկայով, ինչ  բոլորին հայտնի է՝ անցկացնել աննախադեպ արդար, նորմալ ընտրություններ:

– Նկատի ունեմ՝ ընտրություններից հետո հանդիպե՞լ եք:

– Ոչ, որևէ հանդիպում չի եղել, որևէ հանդիպման ժամանակ կհնչեն փոխադարձ շնորհավորանքներ, որովհետև հանրապետության մասշտաբով մեր թեկնածուն հաղթել է, դրա համար ինչ-որ խոսակցության լինելը, եթե դուք նկատի ունեք տհաճ խոսակցությունը, բացառվում է: Իսկ  որոշ պաշտոնյաներ, այդ թվում և՝ մեր մարզպետը, երևի համարեց, որ ավելի շատ ձայներ պետք  է հավաքեր, երեք տարի աշխատում էր մարզում, գտավ, որ եթե չի կարողացել ապահովել, ժողովուրդը  չի ընդունում այդ աշխատանքը, դրա համար հրաժարական տվեց: Նրա հրաժարականը պայմանավորված չէր ինչ-որ ճնշումներով կամ տհաճ խոսակցություններով:

Տեսանյութեր

Լրահոս