Թուրքիան մտադիր է Հունաստանի հետ նավթային վեճում իր իրավունքները պաշտպանել ՄԱԿ-ում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիան մտադիր է ՄԱԿ-ում պաշտպանել Միջերկրական ծովի արևելյան մասի մայրցամաքային շելֆում գտնվող նավթահանքերը հետազոտելու իր իրավունքը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը.
«Հունաստանի հավակնությունները հենված չեն միջազգային իրավունքի վրա: Հունաստանի հետ երկկողմ հանդիպումներում հնչեցվում են այդ պնդումները, և մենք մեր կողմից տալիս ենք անհրաժեշտ պատասխաններ: Այս անգամ էլ մենք պատասխան կտանք ՄԱԿ-ի գործունեության շրջանակներում»:
Հունաստանի ԱԳՆ-ը երեկ բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին՝ կապված Թուրքիայի կողմից մայրցամաքային շելֆում հետազոտություններ կատարելու հետ, որով և խախտվել են իր ինքնիշխան իրավունքները: Նոտայում նշված է, որ Թուրքիան խախտել է 1982 թվականին ՄԱԿ-ի ընդունած ծովային իրավունքի կոնվենցիայի դրույթները:
Սակայն Թուրքիան պնդում է, որ թուրքական TPAO պետական կորպորացիային հետազոտական աշխատանքներ կատարելու իրավունք է տվել այն շրջանում, որը գտնվում է Թուրքիայի պետական սահմանների ներսում:
Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը, 1970-ական թվականներից սկսած, հակամարտության մեջ են Էգեյան ծովի շելֆի բաժանման հարցում, ուր առկա են նավթագազային պաշարներ: Թուրքիան գտնում է, որ 30 ծովային մղոնի հաշվարկը պետք է սկսվի հունական ցամաքից (Բալկանյան թերակղզուց) և ոչ թե Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիներից: Բնականաբար, պաշտոնական Աթենքն ընդդիմանում է դրան: