
«Աբդուլլահ Գյուլն իր շնորհավորանքով բարոյապես աջակցեց ապօրինաբար վերընտրված Սարգսյանին». Ադրբեջանի իշխող կուսակցություն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանական շրջանակներում շարունակում են դժգոհություններ հայտնել՝ կապված ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերընտրման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի շնորհավորելու հետ:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովից հետո տվյալ խնդրին անդրադարձել է Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլըն.
«Բոլորին հայտնի է Հայաստանի նախագահական ընտրություններում թույլ տրված խախտումների մասին: Ընտրակեղծիքների և իր իրական թեկնածուների դեմ մահափորձերի (հետաքրքիր է, թե քանի հոգու և ում նկատի ունի Գուրբանլըն – 168.am) պայմաններում Սարգսյանի հաղթանակը լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում:
Ցավալի է, որ միջազգային կառույցները երկակի ստանդարտներ են կիրառում այդ կեղծված ընտրությունների նկատմամբ: Սակայն ավելի ցավալի է, որ Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի նախագահը հապճեպ շնորհավորել է Սարգսյանին, ով ընտրվել է ընտրակեղծիքների հետևանքով:
Բարեկամ երկրի նախագահի կողմից Սարգսյանին նախագահի պաշտոնում ապօրինաբար վերընտրման կապակցությամբ հապճեպ շնորհավորելը որոշակի դեր է խաղում այդ կեղծված ընտրությունների հովանավորչության մեջ:
Նրանք, ովքեր հապճեպ շնորհավորում են Սերժ Սարգսյանին, հետապնդում են մեկ նպատակ. «ծածկել» նրա ապօրինաբար նախագահ վերընտրվելը: Ներկայումս հայկական ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում՝ ընդդեմ կեղծված ընտրությունների: Այդպիսի պայմաններում Սարգսյանին շնորհավորելը խաղում է նրան բարոյապես աջակցելու դեր:
Այդ պլանում մենք ցավում ենք, որ Թուրքիայի նախագահն իր շնորհավորանքով հայտնվեց նրանց կողքին, ովքեր բարոյական աջակցություն են ցուցաբերում Սարգսյանին: Այդ շնորհավորական ուղերձը ոչ մի կերպ չի փոխի Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը»: