
Ադրբեջանը Թուրքիայից պարզաբանում է պահանջում՝ Սերժ Սարգսյանին Աբդուլլահ Գյուլի շնորհավորելու համար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան պետք է պարզաբանում տա նախագահ Աբդուլլահ Գյուլից կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը.
«Մամուլից ինձ հայտնի է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը, կարծես թե, շնորհավորական ուղերձ է հղել: Ես ստույգ տեղեկատվություն չունեմ այդ մասին, ինձ անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հարցը, քանի որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ:
Ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանի անունով ստացվել է մեկ կամ երկու շնորհավորանք: Անգամ եթե եղել է այդ շնորհավորանքը, ապա դա թուրքական պետության, Աբդուլլահ Գյուլի դիրքորոշումն է, և այն պետք է պարզաբանում ստանա»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: