Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է ադրբեջանական կողմի «շնորհավորական պարզաբանմանը»

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է ադրբեջանական կողմին՝ կապված նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից  ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու համար:

Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխան նամակում նշված է հետևյալը. «Հայաստանի նախագահի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրման կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից շնորհավորելն իրականացվել է մեր պետական ավանդույթներին համապատասխան:

Շնորհավորական ուղերձները նախկինի նման հղվում են այն ժամանակ, երբ այլ երկրներում հայտարարում են ընտրությունների արդյունքները: Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 16-ին: Քաղաքավարության միջազգային կանոնների շրջանակներում փոխադարձ ձևով կարող են հղվել ուղերձներ: Օգտակար կլինի հարցը գնահատել դրա բովանդակության շրջանակներում»:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Թուրքիան պետք է պարզաբանում տա նախագահ Աբդուլլահ Գյուլից կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու համար:

«Մամուլից ինձ հայտնի է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլը, կարծես թե, շնորհավորական ուղերձ է հղել: Ես ստույգ տեղեկատվություն չունեմ այդ մասին, ինձ անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հարցը, քանի որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ:

Ընդհանուր առմամբ, Սերժ Սարգսյանի անունով ստացվել է մեկ կամ երկու շնորհավորանք: Անգամ եթե եղել է այդ շնորհավորանքը, ապա դա թուրքական պետության, Աբդուլլահ Գյուլի դիրքորոշումն է, և այն պետք է պարզաբանում ստանա»:

Տեսանյութեր

Լրահոս