«Եթե այսօր մարդը մարդուն չի ուտում, ապա պատճառն այն է, որ ուտելիք կա»
Ասում է քանդակագործ-նկարիչ Կամո Գյանջյանը
Նկարիչ-քանդակագործ Կամո Գյանջյանի կարծիքով՝ արժե ծնվել միմիայն ստեղծագործելու և ոչ երբեք` խորոված ուտելու համար: «Արվեստը կյանքի հետ կապ չունի, որովհետև արվեստը կյանքին զուգահեռ ֆենոմեն է: Հնչյունը, գույնը, բառը, ֆորման կյանքի դրսևորումներ չեն՝ մարդու ներքին հրաշագործության արդյունք են: Բառը, ֆորման չի ծնվում՝ հայտնվում է ակնթարթորեն, և այդ հայտնությունն իրավունք ունի ամրագրվել` որպես փաստ: Իմպրեսիոնիզմը մեկն է, բայց իմպրեսիոնիստներից ամեն մեկը մի հրաշք է գործում, մեկը մյուսին չի կրկնում: Նայում եմ Մատիսին՝ կախարդվում եմ: Դա է երջանկությունը»,- ասում է մոդեռնիստ, ֆորմալիստ, վոլյունտարիստ (կամապաշտ) Կ. Գյանջյանը, ով մի շարք մանիֆեստների, գրքերի և աշխատությունների հեղինակ է և տանել չի կարողանում «ցուցահանդեսացավը»: «Արվեստն ինքն իր համար է, ինքնաբավ է՝ մյուսների համար չէ: Ժողովուրդը Մատիսին, Սեզանին, Գոգենին չի հավանում, այլ հավանում է ֆոտոգենիկ մի բան՝ ծառ, տուն, այսինքն՝ վերնիսաժային, որտեղ արվեստ չկա, բայց պրոֆեսիոնալիզմ էլ չկա»,- ասում է Կ. Գյանջյանն, ով չի հասկանում, օրինակ՝ Մալևիչի «Սև քառակուսուն» «իդիոտավարի» վերաբերվողներին, քանի որ այդ գործը կոնցեպցիա, աշխարհայացք է, իսկ նրա ստեղծած սուպրեմատիզմն աշխարհին զուգահեռ նոր աշխարհ է: Այլ կերպ ասած՝ Կանդինսկին, Բրակը, Պիկասոն ստեղծել են հոգևոր կյանքի մետամորֆոզները:
– Ժողովրդին դուր է գալիս նյութական կյանքի դրսևորումները: Հոգևորն ու նյութականը միշտ կռվել են իրար հետ, և բարձր ոլորտներում հաղթել է ոգին, իսկ ցածր ոլորտներում՝ նյութը: Դրա համար էլ մենք ապրում ենք նյութական աշխարհում, որը պատկանում է նյութեղեն մարդկանց, ուղեղներին ու նյութեղեն ուժեղներին: Պատկերացնո՞ւմ եք հանկարծ Էյնշտեյնը կամ մի գիտնական, նկարիչ լիներ երկրի նախագահ. չէր կարող:
– Ասում եք՝ արվեստն ինքնաբավ, հոգևոր, կյանքին զուգահեռ ֆենոմեն է, բայց Հայաստանում կա քաղաքական արվեստ, որի փիլիսոփայությունն արվեստի միջոցով հասարակական, քաղաքական թեմաների բարձրաձայնումն է: Այսինքն՝ կյանքից ստեղծվող արվեստ է:
– Քաղաքական արվեստ ստեղծողներն արվեստագետներ չեն: Նրանք ծառայում են քաղաքականությանը, քանի որ քաղաքականությանն այդ տեսակ արվեստը պետք է, ընդ որում՝ բոլոր պետություններն ունեն իրենց քաղաքական արվեստը: Օրինակ՝ Սովետական երկիրն ուներ սոցռեալիզմ: Բուրժուական կապիտալիստական երկրներն ունեցան իրենց արվեստը՝ մոդեռնիզմը, միջնադարն իրենն ուներ, մինչև անգամ քարե դարում այն կար: Դրա համար պետությունը կերակրում է այն արվեստագետներին, որոնք կատարում են իր քաղաքական ծրագիրը:
– Ճիշտ հակառակը` ընդդիմանում են քաղաքական, հասարակական պրոցեսներին և արվեստն օգտագործում են` իբրև ըմբոստության գործիք:
– Կտրուկ ընդդիմացողներին ոչ ոք բանի տեղ չի դնում, իսկ այն մյուս, մաքուր, երրորդ շերտի արվեստագետներին պետությունը չի կերակրում, և նրանք կիսաքաղց շարունակում են լսել իրենց հոգու ձայնը: Այդ երրորդ շերտի արվեստագետը երբեք պետությունից ակնկալիք չունի: Օրինակ՝ Ռիլկեի պես պոետի կամ Մուզիլի պես հանճարի գրվածքներին բանի տեղ դնող չկար: Մարդը երբեք իր ձեռքը փող չէր վերցրել: Երկուսի գրվածքներն էլ հասկանալի չէր «պետությանը»: Գոգենը քլունգով հող էր փորում, որ հաց գներ: Այնպես որ, իշխող կառույցների ծառայություններից հրաժարված իսկական արվեստագետը միշտ էլ չքավորության մեջ է ապրել: Ավելին՝ ազատ, անկախ արվեստագետներին վերացնում են: Մալևիչը փառաբանում էր հեղափոխությունը, այնուհետև Լենինը պրոլետկուլտ արեց ու գիտակցեց, որ բուրժուական արվեստը սողոսկել է ներս: Մալևիչը ստիպված եղավ հեռանալ Լեհաստան, այնուհետև Ռուսաստանից պաշտոնապես հրավիրեցին այդ երկիր՝ համոզելով, թե Ռուսաստանին ինքը շատ պետք է: Բայց Լենինը կնիքը դրեց, թե դա բուրժուական իդեոլոգիա է, որը մեզ պետք չէ: Խթը-ն մտավ Մալևիչի արվեստանոց, վրձինները ձեռքից վերցրեց և հրահանգեց այլևս չնկարելու վերաբերյալ մի գրություն գրել: Պատկերացնո՞ւմ եք նրա ողբերգությունը, որն այդպես էլ վախից չնկարեց: Ուզում եմ ասել, որ շահերի բախում կա: Եթե պետությանը տվյալ պրոդուկտը կամ տվյալ իդեոլոգիան է պետք, ուրեմն՝ դա պիտի արտադրվի: Միջակությունը պետք է և շատ է հիմա: Նրանք, ովքեր պետության պատվերը չեն կատարում, այլ կատարում են իրենց հոգու պատվերը, հոգու ճիչն են իրացնում՝ չքավորության մեջ են ապրում: Չե՞ս ուզում պատվեր կատարել՝ մնա սոված: Պատվերը միշտ հասցեատեր ունենում է: Հզոր նկարչություն, գրականություն, երաժշտություն ստեղծելու համար հզոր պետություն է պետք: Ֆրանսիան ստեղծեց իմպրեսիոնիզմը, որովհետև հզոր պետություն էր, ռուսական կայսրությունը ստեղծեց ակադեմիզմը, 20-րդ դարի ԱՄՆ-ը ստեղծեց աբստրակցիոնիզմը: Արշիլ Գորկին հայտնվեց ԱՄՆ-ում, բայց սկսեց ստեղծագործել այդ երկրի համար, որովհետև նրանք կանաչ լույսը վառեցին, ասացին՝ դու մերն ես, առաջ գնա: Այստեղ այդպես չէր լինի:
– Բայց Դուք Ձեզ հակասում եք, քանի որ քիչ առաջ ասում էիք, թե արվեստագետը ոչ մի դեպքում պետությունից կախված չպետք է լինի, մասնավորապես՝ մշակութային քաղաքականության անհրաժեշտությունը կասկածի տակ դրեցիք: Գուցե Արշիլ Գորկին աշխարհին հայտնի չլիներ, եթե Ամերիկան կանաչ լույս չվառեր:
– Հզոր պետությանը մեծ հանճարները պետք են` որպես «արտարժույթ»: Պետությունները նաև մշակութային դեմքերով են միմյանց հետ բախվում, ինչը նույնպես նվաճելու տենդենց է: Գորկուն գնահատեցին, որովհետև այդ պետությանն այդ արվեստը պետք էր, բայց եթե նա այստեղ լիներ՝ կարող է կենդանի չթողնեին: Նրա բախտը բերեց, որ ընկավ այն հողի մեջ, որտեղ ինքը պետք է: Այս երևույթն էլ պետական էգոիզմ է: Արվեստագետին ազատություն է տալիս իր շահերի համար:
– Ինչո՞ւ եք այդքան աննկատ ապրում:
– Կա տեսակ, որն ակտիվ է, մղվում է առաջին գիծ, որ իրեն տեսնեն, և կա տեսակ, որն ավելի փակված է իր մեջ, իր հարցերն իր ներաշխարհում է լուծում: Փառասիրությունը մարդկային հատկություն է, բայց, իր համար լուրջ խնդիրներ լուծող արվեստագետի համար կարևոր չէ իր ներսից դուրս կյանքը: Պատկերացրեք՝ մի աշխարհամաս եք հայտնաբերել և կենտրոնացած եք այդ հայտնագործության վրա: Մարդկային մի տեսակն էմոցիոնալ, էքսպանսիվ է՝ էքստրավերտ է, իսկ մյուս տեսակը՝ ինտրավերտ, որն ավելի ներսուզված է իր ներաշխարհի մեջ: Ամենօրյա աղմուկը, աժիոտաժն ինձ խանգարում է:
– Այդ դեպքում կարողանո՞ւմ եք օբյեկտիվ ընկալել, գնահատել այն տարածությունը, որտեղ ապրում եք և որտեղ կրում եք այդ սոցիալական կյանքի ինֆորմացիան: Կամ Ձեր դեպքում, արդյոք կրո՞ւմ եք հասարակական կյանքի ինֆորմացիան, թե՞ Ձեր ներաշխարհում Ձեր հարցերի պատասխանները գտնելով` առհասարակ մերժում եք դրսի ինֆորմացիան:
– Ես կարող եմ ապրել մեկ քառակուսի մետրի վրա և հաղորդվել ողջ տիեզերքի հետ: Իսկ ընդհանրապես ինֆորմացիան կարող եմ ստանալ համացանցի միջոցով: Իմ հետաքրքրություններն ու նպատակները նյութական չեն: Օրինակ՝ Կանտի պես հանճարը աշխարհագրության մասին հսկայական աշխատություն էր գրել, բայց երբեք լեռ չէր տեսել: Ընդ որում, եթե իր ծննդավայրից 20 կմ այն կողմ գնար՝ կտեսներ: Սուզվել է իր ներսում ու իր ներսից է քաղել իրեն պետք եկածը: Ես ոչ միայն շատ շփվող չեմ, այլ նաև՝ կյանքին, կեցությանն, աշխարհին հոռետեսական եմ նայում: Շոպենհաուերը կարողացավ ապացուցել, թե ինչն է ընկած կեցության հիմքում, որն է՝ անբանական կամքը: Երբ մարդը երջանիկ է, չիմանալուց է երջանիկ: Ինչո՞վ է տարբերվում օպտիմիստը պեսիմիստից: Պեսիմիստը լավ ինֆորմացված օպտիմիստն է: Անբանական կամքը ազգեր, պետություններ, մարդկանց է բախում իրար: Աշխարհի քարտեզը նայեք, բոլոր տարածքներում իշխանությունը նվաճելու համար գզում են իրար: Իշխանության ձգտումն անբանական կամքն է, բնազդ է, որը ոչնչացնում, սպանում է մարդկանց, հասարակություններին: Իսկ ընդհանրապես՝ Դուք որքան շատ խորություն ունեք, այնքան շատ մենակ եք: Ես իլյուզիաներ չունեմ ու չեմ մտնում մարդկային հարաբերությունների խաղերի մեջ, որտեղ շահերի հսկայական շերտեր կան: Եթե այսօր մարդը մարդուն չի ուտում, ապա պատճառը միայն այն է, որ ուտելիք կա:
– Ինքներդ Ձեր մեջ փակված լինելով, բնականաբար, նաև չեք հետաքրքրվում երկրի համար կարևորագույն խնդիրներով: Հետևո՞ւմ եք նախագահական ընտրությունների հետընտրական գործընթացներին:
– Դե, ես գիտեի՝ ո՞վ է ընտրվելու, Դուք էլ գիտեիք: Ոչ թե իշխում է բանականը, խելացին, այլ՝ ուժեղը: Կյանքի խորքում դրված է անբանական կամքը, որը սոսկալի բան է, ամեն ինչ ջնջում, ոչնչացնում է ու իր առաջ ոչինչ չի թողնում: Նա էլ մի օր պիտի մեռնի, բայց մինչև մեռնելը պիտի ջնջի, ոչնչացնի, որ ինքն իշխի: Որպեսզի կյանքը փոխեք, պիտի էգոիզմը վերացնեք, բայց էգոիզմն էլ վերացնեք` մարդը կվերանա, որովհետև դա իր ֆունդամենտն է: Էգոիզմն ինքնապաշտպանության բնազդ է: Մյուս թեկնածուները ոչ թե ավելի բանական են, այլ՝ թույլ են: Եթե համապատասխան ուժ ունենան` անմիջապես կմղվեն, ի՞նչ բանականությունգ Բանականությունն ուժեղին դաժանությունն ավելի բազմապատկելու հնարավորություն կտա: Հայաստանում իրար հաջորդող իրադարձությունները քաոսային են, բայց մենք միայն արտաքնապես ենք տեսնում դեպքերի հաջորդականությունը: Դրանց զարգացումների, փոփոխությունների մեջ ոչ մի տրամաբանություն չկա՝ դիպվածն է իշխում: Էս ամբողջ սարսափներն իմանալով հանդերձ` մարդն ինչպե՞ս կարող է լավատես լինել: