Իրաքը համաձայնել է Իրանից Սիրիա կառուցվող գազատարի՝ իր տարածքով անցնելուն
Իրաքյան «Ասվաթ ալ-Իրաք» թերթի փոխանցմամբ՝ Իրաքը համաձայնել է, որ Իրանից դեպի Սիրիա կառուցվող գազատարն անցնի իր տարածքով: Իրաքի կառավարությունը նավթարդյունաբերության նախարար Աբդել Քարիմ Լաիբիին լիազորել է գազատարի կառուցման շուրջ շրջանակային համաձայնագիր կնքել իր իրանցի ու սիրիացի գործընկերների հետ:
Իրանի, Իրաքի ու Սիրիայի նավթարդյունաբերության նախարարնները տվյալ գազատարի կառուցման հարցով համագործակցելու շուրջ նախնական համաձայնագիր էին ստորագրել 2011 թվականի հուլիսի 25-ին, Իրանի Բուշեհր նահանգում:
Համաձայնագրի արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար: Իրանցի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այդ գազատարով Սիրիան օրական կստանա 20-25 միլիոն խորանարդ մետր իրանական գազ: Բացի այդ, Իրաքն իր հերթին Թեհրանի հետ պայմանագիր է կնքել օրական մինչև 25 միլիոն խարանարդ մետր գազ ներկրելու մասին՝ իր էլեկտրակայանների կարիքների սպառման համար:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում սահմանափակվել Սիրիայի տարածքով և մտադիր են գազատարը երկարաձգել մինչև Լիբանան և Միջերկրական ծովի շրջան՝ հետագայում սեփական գազը Եվրոպա հասցնելու համար: Գազատարի երկարությունը կազմում է 225 կիլոմետր, դրա կառուցումը կավարտվի մինչև 2013 թվականի հունիսը: