Ընտրություններ՝ առանց դիմադրության

2013 թվականի նախագահական ընտրությունները նախորդ բոլոր համապետական` նախագահական և խորհրդարանական ընտրություններից տարբերվեցին մի հիմնական առանձնահատկությամբ` դիմադրության բացակայությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը և նրա թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացան դույզն-ինչ կազմակերպված դիմադրություն ցույց տալ իշխանությանը, ինչն իշխանությանը դարձրեց անվերահսկելի` գցելով ծայրահեղության մեջ: Դիմադրությունն այնքան թույլ և աննշան էր, որ իշխանության ներկայացուցիչները տեղամասերում իրականացրեցին մինչև այժմ գոյություն ունեցող բոլոր ընտրակեղծիքները, որ հորինվել ու փորձարկվել էին 1995թ. խորհրդարանական ընտրություններից սկսած:

Հանուն իշխանության թեկնածուի հաղթանակի` գործի դրվեցին այնպիսի հին և, թվում է, իր դարն ապրած ընտրակեղծարարության մեթոդներ, ինչպիսին է կարուսելը, որն առաջին անգամ փորձարկվել է 1995թ. խորհրդարանական և 1996թ. նախագահական ընտրություններում, լցոնումները, որոնք առաջին անգամ մասսայաբար կիրառվեցին 1998թ. նախագահական ընտրություններում, բազմակի քվեարկությունները, որոնք գործի դր
վեցին 2003թ. նախագահական և, խորհրդարանական ընտրություններում, և որն իր կատարելությանը հասավ 2007թ. խորհրդարանական և 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, և վերջապես, ընտրակաշառքը, որն ի հայտ է եկել դեռևս 1995թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ այն տեղի էր ունենում բնամթերքով, բայց իր կատարելությանը հասավ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Բայց բոլոր ընտրությունների ժամանակ ընդդիմադիր թեկնածուները հանձնաժողովներում ունեցել են անդամներ, ունեցել են վստահված անձինք, ովքեր կենաց ու մահու պայքար են մղել ընտրակեղծարարների դեմ:

Հիշում եմ, թե ինչպես 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ Կարեն Դեմիրճյանի վստահված անձ, հետագայում ԱԺ պատգամավոր դարձած Էմմա Խուդաբաշյանն Աջափնյակի ընտրատեղամասերից մեկում գրկել էր քվեատուփը, երբ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ Աշոտ Աղաբաբյանն իր կողմնակիցների հետ փորձել էր Ռոբերտ Քոչարյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ: Այդպիսի դեպքերը տասնյակներով էին, և հենց դրանց արդյունքում էր, որ իշխանությունը ստիպված էր լինում գնալ երկրորդ փուլերի, կամ Սահմանադրական դատարանը վստահության հանրաքվեի մասին որոշում էր կայացնում:

Կարդացեք նաև

Իհարկե, բոլոր ընտրությունների ժամանակ էլ լինում էին փորձեր` կաշառելու կամ վախեցնելու վստահված անձանց կամ հանձնաժողովներում ընդդիմության ներկայացուցիչներին: Բազմաթիվ մարդիկ գայթակղվում էին և աչք փակում ընտրական կեղծիքների վրա: Բայց բազմաթիվ մարդիկ հրաժարվում էին գումարից, դիմանում էին գայթակղությանը, դիմանում էին ճնշումներին և պայքարում էին ընտրակեղծարարների դեմ:

Նրանք հավատում էին, որ եթե մեկ օր դիմանան, ապա հաջորդ օրը տոնելու են իրենց թեկնածուի հաղթանակը: Նրանք հավատում էին իրենց թեկնածուի հաղթանակին, հավատում էին արդարության հաղթանակին:

Երեկ տեղի ունեցած ընտրություններում նախագահի յոթ թեկնածուներից բոլոր տեղամասերում վստահված անձ ուներ միայն Սերժ Սարգսյանը: Հինգ թեկնածուներ, կարելի է ասել, որևէ տեղամասում չունեին իրենց շահերը ներկայացնող ներկայացուցիչներ: «Ժառանգությունը» լինելով խորհրդարանական կուսակցություն` հնարավորություն ուներ Հայաստանի բոլոր 2 հազար ընտրատեղամասերում ունենալ սեփական ներկայացուցիչը:

Բայց այս կուսակցությունը չկարողացավ լրացնել այդ տեղերը` մարդկային ռեսուրսի բացակայության պատճառով: Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում էին, որ իրենց ընտրատեղամասում տեղի է ունենում բազմակի քվեարկություն, բայց ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչը չի էլ փորձում կանխել կամ արձանագրել դրանք: Պատճառը երևի այն էր, որ «Ժառանգությունը» գյուղական համայնքներում հանձնաժողովի անդամներ էր նշանակել մարդկանց, ովքեր ծանոթ չեն այդ համայնքին, չգիտեն` ով է գյուղում բնակվում, և չեն տարբերում` այդ մարդը գյուղի բնակի՞չ է, թե՞ քոչվոր ընտրող:

Փաստ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվեց ձևավորել պայքարի և դիմադրության մթնոլորտ: Ընդհակառակը` հասարակությունը համակերպվել էր Սերժ Սարգսյանի անխուսափելի հաղթանակի հետ, և Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվեց կոտրել այդ համակերպվածության մթնոլորտը և հաղթանակի հնարավորության հույս ներշնչել: Նրանք, ովքեր կողմ քվեարկեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, դա արեցին ոչ թե հանուն նրա, որ հավատում էին նրա հաղթանակին, այլ այդպես իրենց դժգոհությունն արտահայտեցին Սերժ Սարգսյանից:

Տրամաբանական հարց է առաջանում. եթե չկար պայքար և դիմադրություն, ինչո՞ւ պետք է իշխանությունը գնար ընտրակեղծիքների, մանավանդ որ, Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել էր, որ սկուտեղի վրա իրենց է մատուցվել արդար և ազատ ընտրություններ անցկացնելու եզակի հնարավորություն, որից պետք է անպայման օգտվել:
Խնդիրն այն է, որ մրցակցությունն ընդդիմություն-իշխանություն հարթությունից տեղափոխվել էր ներիշխանական հարթություն: Օրինակ` Արարատի մարզի երեք նախկին վարչական շրջանները իրար հետ մրցում էին, թե Սերժ Սարգսյանը որտեղ ավելի շատ ձայն կստանա:

Արարատի, Արտաշատի և Մասիսի նախկին վարչական շրջանների ՀՀԿ ակտիվը պայքարի մեջ էր մտել` ապացուցելու, թե իրենցից ով է ավելի լավ աշխատել Սերժ Սարգսյանի համար: Մեզ տեղեկություններ էին հասնում, որ որոշ տեղամասերում այնպիսի վիճակ է, որ մասնակցությունը կարող է անցնել 100 տոկոսից: Այդ պատկերը փոխելու համար որոշվել էր քվեաթերթիկները հաշվելու ժամանակ պակասեցնել թվերը` դրանք տրամաբանականին մոտ դարձնելու համար:

Հնարավոր է` այս տեղեկությունները մի փոքր չափազանցված են, բայց, որ այս ընտրություններում ընդդիմադիր թեկնածուն չկարողացավ դիմադրություն կազմակերպել, և իշխանության ներկայացուցիչներն արեցին այն ամենը, ինչ կարող էին, փաստ է: Հնարավոր է` Րաֆֆի Հովհաննիսյանը դիմի Սահմանադրական դատարան, փորձի վիճարկել ընտրության արդյունքները, բայց դրա համար պետք են փաստեր, պետք են ընտրախախտումները փաստող արձանագրություններ, որոնք, սակայն չկան:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս