Էպոսագետ թեկնածուն քնած էր, իսկ իր շտաբն այսօր հանգստանում էր

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը մեր զանգից տեղեկացավ «The Gallup organization»-ի հրապարակած exit poll-ի արդյունքների մասին: Պարզվում է՝ նա քնել էր և չի հետևել, թե ինչ տվյալներ են հրապարակվել, ով է նման հարցում արել:

Հիշեցնենք, որ ըստ exit poll-ի հարցումների՝ Սերժ Սարգսյանը ստացել է 58 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 32 տոկոս, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը՝ 3-ական տոկոս, իսկ Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը և Անդրիաս Ղուկասյանը՝ 1-ական տոկոս:

Ուշագրավ է, որ Վարդան Սեդրակյանին ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե այն, թե քանի տոկոս ձայն ունի ինքը, այլ թե քանի տոկոս են հավաքել թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը:

«Նորմալ է, ահագին շատ են տվել: Իրենք ինձ ամենաշատը 0.2 էին տալիս, պատկերացրեք՝ վերջին 5 օրում 5 անգամ ավելացրել են իմ ընտրողներին»,- ասաց նախագահի թեկնածուն:

Կարդացեք նաև

Հարցին, թե ինչ ընտրախախտումներ է արձանագրել իր շտաբը, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Իմ շտաբը չի աշխատել այսօր, մեզ մոտ հանգստյան օր է, ես էլ ամբողջ օրը տանն եմ եղել: Մեզ շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ է կատարվում»:

Նա հայտարարեց, թե ով «համազգային հերոս է դարձել՝ 32 տոկոսով», թող նա էլ հետևի ընտրախախտումներին:

Վարդան Սեդրակյանը նշեց, որ ընտրությունները կամփոփի, ամենայն հավականությամբ, փետրվարի 21-ին: Հարցին, թե ինչպե՞ս եք խոսելու կեղծված ընտրությունների մասին՝ առանց կեղծիքի մասին համակիրների կողմից ստացված ապացույց, հիմնավորում ունենալու, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է Ձեզ ասել, թե ես ինչ եմ ասելու»:

Մեր դիտարկմանը, թե՝ փաստորեն չենք կարող ենթադրել, որ նա խոսելու է ընտրախախտումների մասին, էպոսագետը հակադարձեց. «Ոչ մի բան էլ չեք կարող  ենթադրել մինչև այն պահը մինչ ես կասեմ, դուք էլ լսեք»:

Տեսանյութեր

Լրահոս