Անդրիաս Ղուկասյանը վաղը կդադարեցնի հացադուլը և կմիանա անհնազանդության կոչին

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ քվեարկության չի գնացել, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չի եղել: Այսօր 29-րդ օրն է, ինչ նա գտնվում է հացադուլի մեջ:

Նրա խոսքով` ինքն իրենից կախված ամեն ինչ արել է. «Ես համարում եմ, որ իմ ձայնն ինչ-որ չափով լսելի դարձավ Հայաստանում և Հայաստանից դուրս»: Ըստ նրա՝ նախագահական ընտրություններին ավելի քիչ մասնակցություն կա, քան խորհրդարանական ընտրություններին, իսկ քվեարկությանը նախորդող օրերին արդեն հայտնի էին ընտրակակաշառքի բաժանման, ցուցակների կազմման դեպքերը:

Հարցին, թե վաղը դադարեցնելո՞ւ է հացադուլը, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Վաղը, այո’, երբ հրապարակվի ԿԸՀ-ի նախնական զեկույցը, իմ առաեքելությունն ավարտված կլինի: Պահանջն արդեն կկորցնի իր արդիականությունը»:

Նախագահի թեկնածուն նշեց, որ հացադուլից հետո միանալու է քաղաքացիների կողմից հայտարարված անհնազանդության կոչին: Իսկ հարցին, թե ի՞նչ է փոխել հացադուլն իր կյանքում, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Շատ անձնական հարց եք տալիս, դեռ պատրաստ չեմ պատասխանել այդ հարցին: Ահագին բան փոխեց: Իհարկե, երբ ես ընդունում էի որոշում, որ մտնելու եմ ընդդիմադիր քաղաքական պայքարի մեջ, շատ կարևոր որոշում էր, որովհետև դրանով մարդու կյանքն ամբողջությամբ փոխվում է, որովհետև այլ դրության մեջ  է հայտնվում իր  տնտեսական գործունեությունը, և այս ամենն ես ընկալում էի մինչև այս քայլը: Այս քայլն էապես ազդեց ինձ վրա»:

Կարդացեք նաև

Ա. Ղուկասյանի մոտ հերթապահող շտապ օգնության բժիշկ Սերգեյ Միքայելյանի փոխանցմամբ` իրենք առավոտյան ժամը 09:00-ից հերթապահում են Ա. Ղուկասյանի մոտ: «Չափել ենք զարկերակային ճնշումը` 90:60, սրտի զարկերը` 70, վիճակը, ըստ նրա` բավարար է, օգնության կարիք չի զգում»,- ասաց Ս. Միքայելյանը: Նրա ասելով, որպես կանոն, հացադուլի 15-րդ օրից հետո օրգանիզմում սկսում են արտադրվել թունավոր նյութեր, իսկ հացադուլի 20-րդ օրից օրգանիզմը հագենում է այդ նյութերով: Իսկ դրա համար, ըստ Ս. Միքայելյանի, անհրաժեշտ է բուժում:

Տեսանյութեր

Լրահոս