Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն այսօրվա նախագահական ընտրություններում կհավաքի քվեների ավելի քան 60 տոկոսը. BBC

BBC-ն անդրադարձ է կատարել այսօր Հայաստանում կայացող նախագահական ընտրություններին. «Ակնկալվում է, որ Հայաստանում կայացող այսօրվա նախագահական ընտրությունների արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը կվերընտրվի հնգամյա ժամկետով: Դիտորդները կարծում են, որ նա չունի իրական մրցակից, իսկ հարցումները ցույց են տալիս, որ Սարգսյանը քվեարկության արդյունքում հավաքելու է քվեների ավելի քան 60 տոկոսը:

Նրա գլխավոր մրցակից է համարվում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվս մեկ թեկնածու է ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, որի դեմ նախորդ ամիս իրականացվեց մահափորձ:

Նախորդ ամիս ԵԽԽՎ-ն մտահոգություն էր հայտնել, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնք կարող էին նախագահական ընտրություններում առաջադրել իրենց թեկնածուներին, որոշեցին չվարվել նման կերպ, քանի որ վստահություն չեն տածում ընտրությունների նկատմամբ:

2008 թվականին տեղի ունեցած նախագահական վերջին ընտրություններում Սարգսյանի հաղթանակն ավարտվեց ոստիկանության ու ընտրություններում զանգվածային խախտումների գրանցման մասին բարձրաձայնած ընդդիմության համակիրների միջև արյունալի բախումներով: ԵԱՀԿ-ն իր հերթին հայտարարել էր, որ այդ ընտրությունները հիմնականում համապատասխանել են միջազգային չափորոշիչներին:

Նախորդ տարվա մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի: Նախագահի համակիրները հայտարարում են, որ այսօրվա ընտրությունները կանցնեն ազատ, առանց բռնությունների և խախտումների, ինչը կվկայի, որ հետխորհրդային երկիրը ներկայումս քաղաքական առումով կայուն է:

Նախընտրական շրջանում հիմնական շեշտը դրվել է տնտեսական խնդիրների վրա: Թեև 2012 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 7 տոկոսով՝ գործազրկության մակարդակը կազմում է 16 տոկոս, իսկ աղքատության շեմին է գտնվում բնակչության ավելի քան 30 տոկոսը: Առևտուրը սահմանափակված է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սահմանների շրջափակմամբ, ինչը պայմանավորված է 1990-ական թվականների Ղարաբաղյան պատերազմով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս