Սերժ Սարգսյանն արդարանում է պալատական մտավորականների մոտ
Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերջին նախընտրական հանդիպմանը մասնակցող դերասան, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը և այլ հարց տվողներ գործող նախագահին փորձում էին համոզել, որ պետք է գրաքննություն մտցնել մամուլում և հեռուստատեսությունում, ավելի արմատական պայքար մղել աղանդավորների և արտերկրից ֆինանսավորվող կազմակերպությունների դեմ:
Որպես օրինակ՝ «ազգի համար մտահոգ» մտավորականները նշեցին Ռուսաստանին, որն արգելեց USAID-ի գործունեությունը: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե որքան հնարավոր է՝ թող շատ գումար գա Հայաստան, և մի տեսակ արդարանալով՝ ասաց, որ դա չի նշանակում, որ ինքը կողմ է աղանդների տարածմանը, բայց դրա դեմ պետք է ոչ թե պատժելով, այլ խոսքով պայքարել: Տպավորություն այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն մշակույթի գործիչների, ամենալիբերալն ու ամենահանդուրժողն է: Մինչդեռ, երևի պետք է հակառակը լիներ:
Դերասան Միքայել Պողոսյանը Սերժ Սարգսյանին հարցնում էր, թե ինչո՞ւ սպորտի, գիտության և այլ բնագավառներում Հայաստանը տվել է միջազգային ճանաչման հասած գործիչներ, իսկ մշակույթի բնագավառում համաշխարհային հռչակ վայելող գործիչներ չկան: Սերժ Սարգսյանը փորձեց արդարանալ` ասելով, որ մենք փոքր ենք, որ հայ գրողը, երգիչը գրում կամ երգում է ընդամենը երեք միլիոնանոց լսարանի կամ հանդիսատեսի համար: Բայց տրամաբանորեն նույն հարցը Սերժ Սարգսյանը պետք է տար մշակույթի գործիչներին. ի վերջո, պետական աջակցությունը և հովանավորությունը մշակույթի գործիչներին եղել է անհամեմատ ավելի շատ, քան սպորտին, գիտությանը, կամ որևէ այլ ոլորտի: