Այ ողորմելինե՛ր, ուրիշ բան չգտաք՝ փրփուրների՞ց եք կախվում
«Իրենց պահվածքով բոլոր թեկնածուները ցույց տվեցին, որ կողմ են իմ դեմ կատարած մահափորձին: Եթե զոհը լիներ մեկ ուրիշը, ես կարծում եմ, որ անպայման կդադարեցնեի քարոզարշավս, մինչև այդ մարդու վերադարձը քարոզարշավ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ի պատասխան հարցին, թե ընտրություններին մասնակից անհատներից որևէ մեկին կասկածո՞ւմ եք Ձեր դեմ կատարած մահափորձի մեջ, թե՞ ոչ: «Երբ թեկնածուները չդադարեցրեցին քարոզարշավը, ես տեսա, որ ոչ միայն չեն դադարեցնում, այլև ուրախացել են: Տեսականորեն կարծես թե բոլորին ձեռնտու էր: Սկզբից Հայրիկյանն ընդհանրապես չկար. Դե, Հայրիկյանն ի՞նչ թեկնածու է, վերջում, ուզեն-չուզեն, ասում էին, թե առաջին եռյակից մեկը հեռացավ: Բայց առարկայորեն ոչ մեկի վրա չեմ կասկածում: Այսօրվա թեկնածուներից ոչ մեկի վրա մազաչափ կասկած չունեմ»,- հայտարարեց նա: Պարույր Հայրիկյանը ևս մեկ անգամ հրաժարվեց պատասխանել նախաքննությանը վերաբերող հարցերին ու պնդեց, որ մահափորձի կասկածյալների նկարները հրաժարվել է տեսնել: «Ինձ մի քսան անգամ ցույց են տվել, ասել են՝ նայի: Բայց չեմ նայել նրանց նկարներին ու չեմ նայի: Ինձ պետք չէ տեսնել: Ես գիտեմ, որ իրենք տասներորդ աստիճանի կատարող են: Ես կցանկանայի իմանալ՝ ո՞վ է վերջին պատվիրատուն, նախավերջին պատվիրատուն»,- նշեց նա:
Պարույր Հայրիկյանն անդրադաձավ նրանց, ովքեր իր ՍԴ դիմելու կամ չդիմելու որոշման փոփոխություններն անվանում էին՝ «արժանապատվ գործարք» իշխանությունների հետ: Այս առնչությամբ նա ասաց. «Ես ունեմ բազմաթիվ մրցակիցներ, որոնք իրենց շատ ստոր պահեցին, երբ Հայրիկյանը հիվանդանոցում պառկած իրենց քարոզչության ընթացքում ասում էր, թե ես դերասանություն եմ անում: Ի՞նչ կապ ունի իմ դիմում գրելն ու վերցնելը: Դիմում վերցնելու իրավունքն իմն էր, հանձնելու իրավունքը՝ ևս: Ես տեռորիստներին դաշնակից չեմ, որ իրենց ուզածն իրականացնեմ: Ա՛յ ողորմելիներ, ուրիշ բան չգտաք՝ փրփուրների՞ց եք կախվում: Փոփոխամիտ է: Օրենքն է փոփոխամիտ, ասում է՝ այսօր տալիս ես, վաղը կարող ես վերցնել: Եվ ոչ թե՝ ես»,- ասաց նա: Հայրիկյանը հայտնեց, որ նախագահական ընտրություններից հետո ԻՄ կուսակցությունը հանրահավաքներ չի նախատեսել, բայց, եթե պետք լինի՝ «մենք հանրահավաք կանենք՝ դրա խնդիրը չկա. տեխնիկա ունենք, հռետորներ ունենք, հարկ եղած դեպքում՝ 500 հոգու հավաքելու հնարավորություն ունենք»: