«Հայաստանը խորքից է փտած: Մարդիկ մահացել են, ու իրենց թվում է, թե իրենք չեն մահացել»
Ասում է աբստրակտ նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանը
Նկարչուհի Արմենուհի Մարտիրոսյանի համոզմամբ՝ հայ մարդը մահացել է, քանի որ Հայաստանի իշխանությունները կազմակերպված ձևով մարդկանց ստիպում են ապրել կենդանական բնազդներով: Բնության օրենքն է՝ մարդը սնվելուց հետո է մտածում գրականության, նկարչության, կրթության, գիտության մասին: Նկարչուհու դիտարկմամբ՝ հացի խնդիր ունեցող ժողովուրդը կարող է պար գալ այնտեղ, որտեղ ծափ են տալիս, և այս իրավիճակում սպանել են ժողովրդի ես-ը: Հայաստանում միտումնավոր ոչնչացվում է մարդու միտքը: Մեր իրականության ամենավտանգավոր փաստը նա համարում է նախագահի թեկնածուներին այլևս չհավատալու, իսկ հավատալու դեպքում էլ՝ խաբված լինելու մարդկանց վախը: «Մարդիկ մահացել են, ու իրենց թվում է, թե իրենք չեն մահացել: Փողոցով քայլում ես՝ նայում են քեզ ու չեն տեսնում, անցնում են վրայովդ, որովհետև իրենց ուղեղն ահավոր մտազբաղ է, քեզ չեն նկատում: Սպիտակ ջարդը պատերազմից սոսկալի բան է: Հազարավոր երիտասարդ ընտանիքներ գիտեմ, որոնք երեխա չեն ունենում միայն նրա համար, որ ապագայում չեն կարող պահել: Հայաստանի ընտանիքներում, եթե երկրորդ երեխան ծնվում է, ապա դա հրաշք է: Ընտանիքները կրճատվում են: Սերունդը կտրվում է: Ժամանակին երկու երեխա ունեցողներին ծաղրում էին, որովհետև 4-5 երեխա էին ունենում: Հասկանո՞ւմ եք՝ մենք հիմա վերացնում ենք մեր ապագան: Չի ծնվում այն երիտասարդությունը, որը 15-20 տարի հետո պիտի լինի»,- ասում է Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ մեր իրականության մեջ մարդիկ ապրում են այբուբենի «չ» տառով՝ չեն կարողանում ապրել, չի ստացվում ապրել, չի լինում ու չեն ուզում Հայաստանում ապրել: Ըստ նկարչուհու՝ նախ երկրի ղեկավարի համար այբուբենից պետք է ջնջել «չ» տառը, և հանրությանն էլ պարտադրել ապրել առանց «չ»-ի:
– Արվեստագետի դեպքում փոքր-ինչ այլ է՝ թույլ չի տալիս, որ իր էներգետիկ դաշտը խեղդեն: Նկարչությունն ամենալուռ արվեստն է: Արվեստներից ամենալռակյացը, բայցև ամենաշատախոսն է: Աբստրակցիան՝ առավել ևս, որովհետև այնտեղ առարկայի խնդիր դրված չէ: Իմ նկարչության մեջ դրված խնդիրներն առարկայից բարձր են: Մենք ապրում ենք առարկայամոլության դարաշրջանում: Ցանկացած մարդու կարող են առարկայի հետ փոխանակել: Մինչդեռ մարդը, մինչև անգամ, ինչպես անվանում ենք՝ բոմժը, ինդիվիդուալ է, երբեք չի կրկնվում, իսկ որևէ առարկայից գործարանը կարող է անթիվ կրկնօրինակներ անել: Առարկայամոլության այս ժամանակաշրջանում ես ուզում եմ առարկայից վեր կանգնել, դրա համար էլ՝ իմ նկարները չեզոքացնում են առարկայի, նյութականի խնդիրը, որպես կանոն, առաջ քաշելով հոգևոր թեմատիկան: Ինչպես հոգուս, այնպես էլ նկարներիս մեջ կա այն կետը, որտեղ լուսավոր է: Դիտողը հաճախ այդ տարածքին մոտենալու քաջություն ունենում է: Ես չեմ կարող ինձ երջանիկ չզգալ, որովհետև այն գործին, որով զբաղվում եմ՝ ես հավատում եմ: Եթե անգամ մեկ վայրկյան հավատս կորցնեմ իմ նկարչության հանդեպ՝ կոչնչանամ: Աբստրակցիան ազատագրված տարածք է, որն ուզում է նաև մարդկանց ազատագրել: Իմ նկարչությունն ինձ փրկում է: Ես կանգնում եմ կտավի առաջ՝ հասկանալով, որ վերացնում եմ բոլոր մարդկային օրենքները, և գալիս են աստվածային օրենքները: Նկարելով՝ փորձում եմ մարդկանց դուրս բերել շփոթությունից, ուղղորդել դեպի այն կետը, որտեղ լույս է: Ես իմ խաղաղությունը գտել եմ իմ նկարչության մեջ՝ գալով այն համոզման, որ ճիշտ է՝ ոսկին ծանրությունից սուզվում է ջրի հատակը, բայց իրեն փնտրում են:
– Հայաստանում, մասնավորապես, աբստրակտ նկարիչները մի տեսակ փակված են իրենց տարածքներում: Տպավորություն է, կարծես որպես ՀՀ քաղաքացիներ` չունեն իրավունքների իրացման պահանջատիրական հարցադրումներ, մինչդեռ բոլորս գիտենք, որ կերպարվեստի ոլորտում խնդիրները շատ սուր են:
– Հայաստանյան իրավիճակը լուրջ արվեստագետների համար հասել է ռեքվիեմի: Չեմ հասկանում, որքա՞ն կարող են սպանդ անել: Մեկ արվեստագետը կարող է ամբողջ աշխարհը հեղաշրջել, որպես օրինակ` նշեմ Շառլ Ազնավուրին: Մեկ արվեստագետի արժեքը կարող է պահել ամբողջ Հայաստանի հեղինակությունը: Մեր երկրից դուրս անընդհատ աղբի ցուցադրում է: Չգիտեմ, իրենք չե՞ն հասկանում, որ չի կարելի աշխարհին աղբով ներկայանալ, թե՞ մտածված են դա անում: Երբ մարդն իր տունը մաքրում է, արդյոք անպետքը, աղբը դնո՞ւմ է հյուրի, օտարի առջև: Լուրջ արվեստագետը ծանր է՝ ոսկու նման, որը միշտ ջրի հատակում է լինում, իսկ այն կեղտը, որը ջրի մակերեսին է՝ մատուցվում է աշխարհին: Արվեստագետի ուժերից վեր է՝ նկարել և միևնույն ժամանակ` ինքնագովազդով զբաղվել, կազմակերպչական հարցեր լուծել: Արդյունքում` աշխարհին ներկայանում ենք ջրի մակերեսի կեղտով: Օրինակ՝ շախմատի սկզբունքն ինչպե՞ս է. բոլոր ֆիգուրներն ունեն իրենց տեղերը, և երբ քարերը տեղաշարժում ես՝ խաղը փոխվում է: Հիմա մեզ մոտ բոլոր ֆիգուրները խառնված են, քարերն իրենց տեղում չեն, արդյունքում՝ խաղը փոխվել է: Կամ պիտի կարողանաս խաղի նոր կանոնների հետ հաշտվել, կամ՝ խաղից դուրս կմնաս:
– Այն, ինչ ցուցադրվում է համաշխարհային հարթակներում, Հայաստանում ընտրվում է հատուկ հանձնաժողովների, ենթահանձնաժողովների, մասնագիտական խմբերի կողմից: Մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարության կամ Նկարիչների միության ներկայացուցիչների կողմից հաստատված մշակութային արժեքներն են «ճամփորդում» դեպի միջազգային միջոցառումներ:
– Երբ ասում եք՝ Նկարիչների միություն, բառերին մի խաբվեք, բառերը տվյալ դեպքում ոչինչ են: Ոչինչն է ներկայացնում Հայաստանը: Ի՞նչ է ներկայացնում մեր մշակույթի նախարարըգ Անգլիայից շատ ճանաչված հայեր եկել էին իմ արվեստանոց: Ասացին՝ ձեր կուլտուրայի նախարարը չունի կուլտուրա: Երբ հարցրեցի՝ ինչո՞ւ. պատասխանեցին՝ որովհետև առաջինը պետք է սկսի իր կեցվածքից: Ասում են՝ երբ տեսանք, թե ինչպես էր համերգային դահլիճում փռված երաժշտություն լսում՝ հասկացանք, որ նա երբեք չի ունեցել կուլտուրա: Պետական պաշտոն վարելը նույնպես մշակույթ է: Հասկանո՞ւմ եք, մորթում են իրականությունը: Միգուցե մենք քիչ ենք, չենք կարողանում հաղթահարել, հաղթել, բայց մյուս կողմից՝ իսկական արժեք ստեղծող արվեստագետները պետք է քիչ լինեն: Պետությունը պարտավոր է յուրաքանչյուր արժեքավոր անհատին պահպանել: Իսկական արվեստագետին չեն կարող ստրկացնել: Կարող են նեղել կենցաղային հարցերով, բայց աբստրակտ դաշտն ինձ այնպիսի ազատություն է տալիս, որ հոգիս ճախրում է: Ձեռքերս կապեն՝ ոտքերով կնկարեմ, ոտքերս կապեն՝ լեզվով կնկարեմ: Իրենք ուզում են ստրկացնել՝ առանց հասկանալու, որ գոյություն ունի հոգևոր դաշտ: Սարսափելի բան է, երբ հայ արվեստագետները սպասում են, որ դրսից կարմիր առագաստի պես մարդիկ կգան նկար գնելու: Անընդհատ նայել սահմաններից դուրսգ Այսօր միտքը, ուղեղը, տաղանդն արժեք չունեն, փոխարենը` արժեք ունեն թանկ մեքենաներն ու տները: Մինչդեռ ուղեղը, միտքը կարող է մեզ այս խառնաշփոթից դուրս բերել: Եկել է մի ժամանակահատված, երբ ժողովուրդը բացարձակապես որևէ բանի չի հավատում: Ղարաբաղյան պատերազմի մեր հաղթանակը հավատքի շնորհիվ էր, որովհետև հավատքն է մարդուն ուժ տալիս, կոփում: Մենք կորցրել ենք մեր հավատքը, և այն վերջին հատիկն էլ կորցնելու դեպքում՝ թուրքը 5 վայրկյանում հայ ազգին ձեռք կբերի:
– Պետությունն արվեստագետին պահպանելու համար ի՞նչ դերակատարում պետք է ունենա, պատվե՞ր պետք է իջեցնի:
– Ասում եմ՝ պետություն, բայց մտածում եմ՝ ի՞նչ պետություն, ո՞ւր է պետություն: Ինքս ինձ ժխտելով շեշտում եմ, որ այնտեղ, որտեղ ես ապրում եմ՝ պետություն գոյություն չունի: Ես ապրում եմ ստերի վրա կառուցված, հորինված մի միության մեջ, որտեղ մարդիկ ոչ մեկին չեն հավատում: Շատ ծանր բան է, երբ դու քո երկրի վերնախավի խոսքերին չես հավատում: Մարդը խոսում է, գուցե ճիշտ է ասում, բայց երիցուկի թերթերը պոկելու պես, ենթագիտակցորեն, ինքդ քեզ հարցնում ես՝ հավատա՞մ, թե՞ չհավատամ ու, արդյունքում` չես հավատում: Մենք երկրաշարժի վրա նստած մի տարերային երկրում ենք ապրում, որտեղ ամեն վայրկյան հրաբուխի ենք սպասում: Տեսեք, մեր պետական ապարատի կառուցվածքը. գերատեսչություններն՝ իրենց բաժիններով, ներկայացնում են ոչ թե մասնագետները, այլ սրա-նրա ծանոթները, ծանոթի ծանոթները: Ինչպես կայանում են մեր «թափանցիկ» ընտրությունները, այնպես էլ բաշխվում են պետական պաշտոնները: Բայց, կներեք, ի վերջո, այս խառնաշփոթի համար ո՞վ պետք է պատասխան տա: Մի նայեք, որ շքեղ շենքեր են կառուցվում, որովհետև մեր քաղաքի տակը, արմատները փտած են: Առհասարակ Հայաստանի տակն է փտած: Այս իրավիճակում նախագահն ընտրվում է և հինգ տարի պաշտոնավարում է: Ես շատ դեմ եմ նախագահի հինգ տարվա լիազորություններին, որովհետև մարդ, որը ոչինչ չի անում, իրավունք չունի շարունակել իր լիազորությունը: Դա սարսափելի բան էգ Հինգ տարի Սերժ Սարգսյանը նախագահ էր ու հինգ տարի էլ պետք է նախագահի՞: Լսե՛ք, սա իմ կյանքի ամենամեծ ժամանակն է, ի՞նչ իրավունքով եք խլում իմ 10 տարիները: Ելնելով հայաստանյան իրականությունից՝ նախագահը պետք է պաշտոնավարի մեկ տարի, և, եթե նա ի զորու չէ արդարացնել մարդկանց հույսերը, ապա պետք է հեռանա: Մենք չենք կարող հավերժ սպասել. կորչում է մարդկային ռեսուրսը: Նախագահի թեկնածուներն ինքնագովազդ անելու փոխարեն` կարող էին ինքնաքննադատություն անել: Օրինակ՝ պատկերացնո՞ւմ եք, ինքնագովազդի փոխարեն` մեկն ասեր` ժողովուրդ, ես սխալներ եմ գործել, բայց ուզում եմ ձեր օգնությամբ սխալներս ուղղել, օգնեք` միասին այդ սխալներն ուղղենք: Միլիոնավոր մարդկանց սրտերը կշարժվեր: Ինքնաքննադատությունը զսպանակի նման է. որքան սեղմվում ես, հետ ես քաշվում՝ այնքան ավելի մեծ թռիչքով առաջ ես գնում: Արվեստում նույնպես այդպես է. ինչքան ինքդ քեզ քննադատում ես, այնքան մաքրվում ու առաջ ես շարժվում: Նարեկացին ամենավառ օրինակն է` ինքնաքննադատությամբ մաքրվելու, նոր ճանապարհ բացելու իմաստով: Հայաստանյան վերնախավում շատերն իրենք իրենց հարց պիտի տան՝ արդյո՞ք ես իմ տեղում եմ:
– Ընտրված նախագահը մեկ տարում հասցնում է ծանոթանալ ոլորտներին և խնդիրներին, սովորում է իբրև նախագահ ներկայանալու արարողակարգին:
– Պատկերացրեք, որ հիմա ինձ մկրատ տան, ու ես նկարելու փոխարեն` բժշկի մասնագիտությամբ աշխատեմ: Ինձ պաշտոն են տվել, հրաշալի է, մկրատը վերցնեմ ու մարդկանց կտրտեմ: Կարևոր չէ հետևանքը, այլ կարևորն իմ պաշտոնն է, որով մարդկանց կտրտելու եմ: Նախագահը որպես թեկնածու առաջադրվելով` հստակ պիտի իմանա` առաջին քայլը ո՞րն է լինելու, և ի՞նչ ծրագրեր է իրականացնելու: Մեկ տարին բավարար է իր ներուժն իրացնելու կամ գոնե հանրությանը համոզելու համար, հակառակ դեպքում՝ չի կարելի 5-10 տարի մկրատն առած մարդկանց կտրտել, փրթել, թափել: Հետևում եմ նախընտրական քարոզչությանն ու զգում եմ, որ իմ մեջ վախ կա: Լսում ես, ուզում ես հավատալ, բայց վախենում ես հավատալ: Թվում է՝ նախագահի պաշտոնն այնպիսի մի կախարդական բան է, որ ամենաազնիվ մարդու արյունը փոխվում է: Ահավոր բան է, երբ ժողովուրդը վախենում է ինչ-որ մեկին հավատալ: Ես կարծում եմ՝ Հայաստանի նախագահը չպետք է հայ լինի: Որևէ եվրոպացի չտեսնված աշխատասիրությամբ մեր երկիրն այս վիճակից դուրս կբերի: Մի փոքրիկ ակնարկ մատնանշելով՝ առաջարկում եմ մեր պետական այրերին էքսպերիմենտի ենթարկել, չնայած նրանք այնքան են բթացել, որ վախենամ` այդ փորձությունը նրանց վրա չազդի: Մի կույր տղա է լինում, որի ընկերուհին նրան մի նամակ է տալիս ու հեռանում է: Բնականաբար, կույր տղան չգիտի՝ ի՞նչ է գրված թղթի վրա, որում ընդամենը երեք բառ է: Նամակը տալիս է մորը՝ մայրն իրեն տանից վռնդում է: Նամակը տալիս է ընկերոջը՝ ընկերը նրանից հեռանում է: Գետում խեղդվող մի երեխայի է փրկում, ում հորը նույնպես տալիս է այդ նամակը, և հայրը կախվում է: Նամակում գրված է լինում՝ «Ես ամեն ինչ գիտեմ»: Շատ կցանկանայի՝ ես ամեն ինչ գիտեմ, այդ երեք բառով մի նամակ էլ գցեինք մեր նախագահական թեկնածուների, բարձրաստիճան պաշտոնյաների գրպանը: Մեկը արտասահման կփախչի, մեկը կկախվի, մյուսը կվազի բանկերից հաշիվները հանելուգ Հասկանո՞ւմ եք, կեղտը շատ է:
– Հեռուստատեսատեսությանը հետևո՞ւմ եք:
– Ես չեմ կարողանում անգամ հեռուստացույցին մոտ գնալ: Ունեմ նաև թատերական կրթություն, Մետաքսյա Սիմոնյանը, Դմիտրի Քեոսայանը դասավանդել են ինձ, ու գիտեմ` ինչ բան է թատերական արվեստը, և չեմ կարող նայել այս մայմունությունը: Դիտում եմ միայն ռուսական հեռուստահաղորդումները և մասնավորապես` «Կուլտուրա» ալիքը:
– Հեռուստատեսությունը կրթո՞ւմ է հասարակությանը:
– Մեր հեռուստատեսությունը ոչ թե կրթում է, այլ կռտում է մարդկանց: Ինձ մի քանի անգամ հրավիրել են հեռուստահաղորդումների մասնակցելու, բայց ամեն անգամ փոշմանում եմ գնալու համար: Ես ամեն անգամ գնում եմ խոսելու արվեստի արժեքից, բայց խոսակցությունը վերածում են թեթևագույն մի երկխոսության: Հաղորդավարները տեղեկացված չեն, ինֆորմացիա չունեն: Նույն հաղորդավարը կարող է հարցազրույց վարել սպորտսմենի, պատմաբանի, նկարչի և քաղաքական գործչի հետ: Հաղորդավարը պետք է իր վարած թեմայի գիտակը լինի, խորքային հարցադրումներ անի, բայց չունեն դպրոց՝ մակերեսային մոտեցում է: Այսպես ազգին կռտում են՝ զրկելով արժեքների մասին խոսելուց, լսելուց ու յուրացնելուց: