Ինչո՞ւ են դիտորդներն անտարբեր դարձել

2013թ. նախագահական ընտրություններին, ի տարբերություն 2008թ. նախագահական ընտրությունների, աննախադեպ քիչ թվով տեղական դիտորդներ են հավատարմագրվել: Եթե 2008թ.-ին հավատարմագրվել էր 39 տեղական դիտորդական կազմակերպություն, ապա այս անգամ կազմակերպությունների թիվն ընդամենը 24 է: Ընդհանուր հաշվով, նախորդ նախագահական ընտրություններին հետևել էր 15.093 դիտորդ, իսկ այս անգամ եռակի կրճատվել է այդ թիվը, հավատարմագրվել է 5166 դիտորդ:

Թեև դիտորդական կազմակերպությունների ղեկավարները պնդում են, թե պատճառը բոլորովին սպասվող ոչ մրցակցային ընտրությունները չեն, սակայն ակնհայտ է, որ դիտորդների շեշտակի կրճատումը չի կարող պատահականություն լինել: Գաղտնիք չէ, որ տեղական դիտորդների գերակշիռ մասն իրականում իշխանությունների շահերն է ներկայացնում: Այնպես որ, կարելի է ասել, որ կամ դիտորդական կազմակերպություններն իրենք են ձանձրալի համարում աշխատել առաջիկա ընտրությունների օրը, կամ իշխանություններն են չափից դուրս հանգիստ և հրաժարվում են դիտորդների հավելյալ օգնությունից:
Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ սահմանած ժամանակացույցի` 2013թ. հունվարի 8-ին սկսած դիտորդների հավատարմագրումն ավարտվել է փետրվարի 8-ին: Համեմատելով 2008թ. և 2013թ. դիտորդական կազմակերպությունների ցանկերը` անկհայտ է դառնում նաև մեկ այլ բան. դիտորդական կազմակերպությունների ցանկը համարյա ամբողջովին փոխված է: Առավել զարմանալի է այն հանգամանքը, որ 2008թ. հավատարմագրված մեծաթիվ դիտորդներ և դիտորդական կազմակերպություններ այս անգամ ընդհանրապես չեն մասնակցում, օրինակ` «Ազատականություն և ժողովրդականություն» կազմակերպությունը, որը 2008թ. խոշոր դիտորդական կազմակերպություններից մեկն էր` 1240 դիտորդով, «Արդարություն և իրավունք» հ/կ-ն` 850 դիտորդով, «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնը` 848 դիտորդով, «Քաղաքացիական ակադեմիա կենտրոնը»` 1422 դիտորդով, «Մարզաբնակ ուսանողների իրավապաշտպան ասոցիացիան»` 343 դիտորդով, «Երիտասարդության կամք» երիտասարդական հ/կ-ն`155 դիտորդով, «Միտք» երիտասարդական հ/կ-ն` 565 դիտորդով, և այլն:
«Ազատ հասարակության ինստիտուտ» դիտորդական կազմակերպությունն էլ միայն վերջին օրերին գրանցվեց, սակայն նախորդ ընտրությունների համեմատ` այս անգամ 1656-ից դիտորդների թիվը հասցնելով` 1468-ի:
Դիտորդների թիվը կտրուկ կրճատել է նաև «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը: Եթե 2008թ. կազմակերպությունը հավատարմագրել էր 3940 դիտորդի, ապա 2013թ.`1504 դիտորդ է հետևելու ընտրություններին: «168 Ժամի» այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված դիտորդների թվի նման կրճատումը, հ/կ-ի նախագահ Հարություն Համբարձումյանը պատասխանեց, թե նոր ռազմավարություն են որդեգրել: «Պատճառն այն է, որ նոր ռազմավորություն ենք մշակել` կապված եղանակային պայմանների հետ, հեռավոր գյուղերում, որտեղ բնակչությունը 100 հոգուց չի անցնում, դիտարկում չանել: Այս անգամ որոշեցինք դիտարկում անել խոշոր քաղաքներում, այն համայնքներում, որտեղ կա 2-ից ավելի տեղամաս, և որտեղ լինելու է զինվորականների քվեարկություն»,- նշեց մեր զրուցակիցը: Մեր այն դիտարկմանը, թե նախորդ ընտրությունների ժամանակ եղանակային պայմանները նույնն էին, Հարություն Համբարձումյանը պատասխանեց. «Դե, այն ժամանակ չֆայմեցինք: Ինձ թվում է` եթե 1400-ից մենք տեղամասում ունենանք տվյալներ, լրիվ կարող ենք հայտարարություն անել»:
Ըստ Հ. Համբարձումյանիգ դիտորդների թվի կրճատումը կապ չունի ընտրությունների որակի հետ, սակայն վերջինս չհերքեց, որ այս նախագահական ընտրություններն ավելի անհետաքրքիր են: «Առաջվա ընտրություններն ավելի հետաքրքիր էին այն առումով, որ երկու քաղաքական ուժերը, որոնք չեն մասնակցում այս անգամ (նկատի ունի ՀՅԴ-ին և ՀԱԿ-ին.- Ա.Փ.) այն ժամանակ մասնակցում էին: Ընտրությունների անհետաքրքրությունը նրանում է, որ մարդը կուսակցություն չունի, բայց թեկնածություն է դնում: Մարդ կա` քարոզարշավի սկզբից հացադուլ է հայտարարում կամ սկզբից հայտարարում է, որ ամսի 8-ին հանելու է թեկնածությունը»,- նկատեց դիտորդական կազմակերպության նախագահը:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը ևս ասաց, թե դիտորդների թվի կրճատումը կապված չէ ընտրությունների նկատմամբ հետաքրքրության պակասի հետ: Դիտորդների թիվն այս անգամ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» 2008թ. համեմատ 159-ից հասցրել է 103-ի: «2008թ.-ին դիտորդություն արել ենք «Ուրբան» հիմնադրամի հետ համատեղ, այդ պատճառով էին հավատարմագրվել այդքան դիտորդներ, այս անգամ առանձին ենք անում: Այդքան դիտորդ ունենալն արդեն իսկ մեծ պատասխանատվություն է: Ինձ համար շատ կարևոր է, որ ցանկացած դիտորդ պատասխանատվության լուրջ զգացում ունենա, որպեսզի նրա և ընտրությունների մասնակցող որևէ քաղաքական ուժի շահերի բախում տեղի չունենա»,- «168 Ժամի» հետ զրույցում նշեց Ավետիք Իշխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս