
Մուսալեռան «Թագավորը»

«Թագավոոո՜ր»,- այսօր Մուսալեռում այսպես դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ուղղեց. «Թագավորը ես չեմ, այս երեխեքն են»: Այս մասին գրում է Aravot.am-ը։
Նախագահի թեկնածուն մուսալեռցիներին վստահեցրեց, որ շատերը զգում են՝ փետրվարի 18-ին մի նոր տեսակի հայկական զարթոնք է լինելու՝ Մուսալեռան ոգով: Հայկական ընտրական հեղափոխություն է լինելու: Նա Մուսալեռում էլ կրկնեց՝ «Սա պայքար չէ Րաֆֆիի ու Սերժի միջեւ: Պարոն Սարգսյանը չնեղանա իմ խոսքերից: Իմ խոսքերը բարի են, ժպիտով են, բայց շատ խիստ են, որովհետեւ այլեւս պիտի թույլ չտանք, որ հայ մարդը իր գյուղում եւ իր հայրենիքում ապրի ողորմությամբ, խեղճուկրակ, անգործ, անարդարության մեջ եւ արտագաղթով: Ինքը բարի մարդ է, բայց ամեն մեկիս մեջ կա չարը, էդ վախը, փոքրությունը: Նաեւ իմ մեջ էլ կա: Բայց ես հաղթահարում եմ դա: Բայց ինքը պետք է դա հաղթահարի ժողովրդին վախեցնելու, ժողովրդին վերեւից նայելու, ժողովրդի քվեն տանելու այդ ահավոր սովորությունը: Ասում են, որ ժողովրդին մենք բաժան-բաժան անում ենք, երբ այդ տղաներն ու աղջիկները ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ կանգնեցին Մարտի 1-ին՝ փրկելով թե՛ քաղաքացու, թե՛ ոստիկանի կյանքը: Մ՞ենք ենք, որ բաժան-բաժան ենք անում: Ո՛չ, երբե՛ք: Մենք ժողովրդին միացնում ենք: Միացնում ենք, ոչ թե անձի շուրջ, հարստության շուրջ, ոչ թե կուսակցական կեղծ դրոշի շուրջ, այլ մեր պետական դրոշի, ժողովրդի հեռանկարի շուրջ: Որքան շուտ հասկանան բոլորը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, անկուսակցական, որ ժողովուրդը գնում է հաղթանակի, այդքան ավելի լավ»: