Բաժիններ՝

Հրաշք, որ տեղի ունեցավ բարի մարդկանց շնորհիվ

Մեր թերթում տպագրված «10-ամյա Ավետիսին զգուշացրել են` այլևս չերևալ ԱԺ դարպասների մոտ» վերնագրով հրապարակման արձագանքը պարզապես ապշեցրեց ոչ միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի 20 տան բնակչուհի, չորս երեխաների մայր Շարմաղ Սարգսյանի ընտանիքին, այլև` մեր թերթի խմբագրակազմին:

Ավետիս Հակոբյանի և նրա ընտանիքի մասին պատմության հրապարակումից հետո մեր խմբագրությունը չի դադարում զանգեր և նամակներ ստանալ ընթերցողների կողմից: Արդեն քանի օր է` ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ այցելում են այս ընտանիքին` աջակցելով նրանց ինչպես` նյութապես, այնպես էլ` բարոյապես: Չմանրամասնելու համար, թե ինչու էր այս ընտանիքը հայտնվել կյանքի հատակում, և ով է պատասխանատու մեր երկրի շարքային քաղաքացիների արժանապատիվ ապրելու իրավունքի համար, կարող ենք ընդամենն արձանագրել մեկ փաստ. 10 տարեկան Ավետիսի կյանքը մի ակնթարթում փոխվեց և փոխվեց ՀՀ սրտացավ, հոգատար քաղաքացիների շնորհիվ, ովքեր պատրաստ են իրենց միջոցները կիսել կարիքի մեջ գտնվող ընտանիքի հետ: Մարդկային այս վերաբերմունքն այնպես է հուզել այս ընտանիքի անդամներին, որ մինչև անգամ Ավետիսը շփոթված, շոկի մեջ էր: Այս փոքրիկը հավանաբար իր ապրած 10 տարիների ընթացքում այսքան հոգատարություն, ջերմություն ու սեր չէր ստացել մարդկանց կողմից: Ավետիսի ընտանիքին ձեռք են մեկնել ԱՄՆ-ում, Կանադայում բնակվող մեր հայրենակիցները: Մոնրեալում բնակվող մեր հայրենակցուհի Լիանա Երեմյանի նախաձեռնությամբ` բազմաթիվ մարդկանց նվիրատվությունների շնորհիվ հավաքվել է 1000 դոլար, որը հավանաբար կծախսվի ընտանիքի բնակարանի վերանորոգման համար: Բազմաթիվ քաղաքացիներ այս օրերի ընթացքում, առանց ներկայանալու, ընտանիքին մեծ քանակությամբ սնունդ, հագուստ, գումար և տան համար անհրաժեշտ պարագաներ են նվիրել: Երեկ արդեն ընտանիքին այցելած մարդիկ, ովքեր անգամ չեն ներկայացել, մարել են 108.000 դրամ հոսանքի և խանութներից վերցրած հացի պարտքերը: Օրեր առաջ մենք ականատես եղանք «Բլոգնյուզ» էլեկտրոնային կայքի նախաձեռնած ակցիային, որն աննկարագրելի հուզիչ և տպավորիչ էր:

444555555555 100_2000 100_2006 100_2106 100_2132 -22222

 

Կայքի խմբագրակազմը, նրանց ընկերները, բարեկամներն ու ծանոթները համախմբվելով` Ավետիսի կյանքն այնպես փոխեցին, որ թվում է՝ նման պատմություններ լինում են կամ գրքերում, կամ ֆիլմերում: Այլ կերպ ասած՝ Ավետիսի կյանքին հրաշքի զգացողություն պարգևեցին: Մենք ականատես եղանք, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ այցելում Հովնաթանի 20 «խրճիթ», ու փոքրիկ տղան չի հասցնում մարսել իրականությունը: Ընտանիքին աջակցություն ցուցաբերած նախաձեռնող խումբը նրանց նվիրեց լվացքի մեքենա, հեռուստացույց, սառնարան, հագուստ, վառելիք, սնունդ, մեծ գումար, մի խոսքով` այն ամենը, ինչ անհրաժեշտ է ընտանիքին նաև առաջիկայում համեմատաբար նորմալ ապրելու համար: Իսկ ամենաարժեքավորը, որին մենք ականատես եղանք, այն տեսարանն էր, որ երիտասարդների այս խումբը ընտանիքին վաղվա օրվա հույս ներշնչեց: Մի կողմ թողնելով ընտանիքի համար անգնահատելի այս արարքը, ցանկանում ենք ընդգծել, որ «Բլոգնյուզի» ներկայացուցիչներն, այդ թանկարժեք նվերները հանձնելուց զատ, այս նախաձեռնությունն իրականացրեցին մեծ սիրով, և այդ սերն ընտանիքի անդամներին այնքան ինքնավստահություն ներշնչեց, որ գուցե նրանք առաջին անգամ իրենց արժանապատիվ, կարևորված և սիրված զգացին: «Բլոգնյուզի» խմբագիր Արամ Անտինյանը նաև ընտանիքի անդամների համար աշխատանք գտնելու պատրաստակամություն հայտնեց և ճշտելով որոշակի տվյալներ` խոստացավ այդ հարցով զբաղվել:

 

Երեկ մեզ զանգահարեց Շ. Սարգսյանը, ով հուզմունքից չէր կարողանում մտքերը ձևակերպել. «Ես էնքան զարմացած եմ, էնքան շփոթված եմ, որ չեմ կարողանում հասկանալ` ինչ ա կատարվում: Իմ ընտանիքում տոն ա, էսքան մարդ մեր կողքին ա ու էսքան մարդ երեխայիս համար պատրաստ ա իր ամենավերջին դրամը հատկացնել: Սա մեր կյանքի ամենաերջանիկ իրադարձությունն ա, որի մասին խոսելն ինձ համար դժվար ա: Կարծում էի` չունևորներն ու խեղճերը կորած են էս երկրում, բայց արի ու տես, որ մենք շրջապատված ենք իսկական քրիստոնյաներով: Էսքան խղճով մարդ կյանքում չէի տեսել: Երեխեքս ուրախությունից չեն կարում գիտակցել կատարվածը: Խնդրում եմ, իմ շնորհակալությունը հայտնեք բոլորից: Շնորհակալությունը ոչինչ ա էն զգացողության ու ապրումների դիմաց, որը մենք ունենք հիմա այդ մարդկանց նկատմամբ: Երեկ չէ առաջին օրը, երբ այդ երիտասարդները («Բլոգնյուզի») եկան մեր տուն, Ավետիսիս գրկեցին, սիրեցին, մեզ ջերմություն տվեցին, դա աշխարհի ամենաթանկ զգացողությունն էր, որ երբևէ ունեցել ենք: Հիմա մենք գիտենք, որ շրջապատված ենք իսկական քաղաքացիներով, լավ մարդկանցով: Էս օրերի ընթացքում իմ հեռախոսը չի դադարում զանգել, մեր տուն ամեն րոպե գալիս են անծանոթ մարդիկ, ովքեր գումար, սնունդ, հագուստ են բերում ու հեռանում են: Գալիս են դերասաններ, լրագրողներ, բիզնեսմեններ, տնային տնտեսուհիներ, մի խոսքով… Մարդիկ էլ կան, որ գալիս են ուղղակի մեզ հետ շփվելու, հարցնում են, թե ինչ կարող են անել մեզ համար, ինչով կարող են օգտակար լինել: Չգիտեմ, երևի ուզում եմ համապատասխան խոսքեր գտնել, բայց չի ստացվում` ապրումներս արտահայտելու համար: Սա երազի նման ա»:

100_2105 100_2132 -+++++++++++22222

 

Նշենք նաև, որ մեզ հետ կապ հաստատած` Ֆեյսբուք սոցցանցի օգտատերերից մեկը Շ. Սարգսյանի տվյալները խնդրեց և տեղեկացրեց, որ քույրը բնակվում է Հնդկաստանում, ով առաջարկելու է երեխային տեղափոխել Կալկաթայում գտնվող հայկական դպրոց` լավ կրթություն ստանալու նպատակով: Մեր ընթերցողներից մեկն էլ, ով բնակվում է Արմավիրում, ցանկանում էր Շ. Սարգսյանին առաջարկել ձմռանը երեխային տեղափոխել իր տուն: «Մեծ տուն ունեմ, երկու տղա: Իմ երեխայի պես կպահեմ, դպրոց կուղարկեմ, միայն թե մայրը համաձայնվի»,- ասում էր նա:
Շ. Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ երեկ առավոտյան իրենց տուն է այցելել նաև նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի որդին. «Դե գիտեք, մենք նման մարդկանց չենք ճանաչում: Երբ ներկայացավ` ապշեցի: Ընկերոջ հետ էր, ամեն ինչ իրենց հետ բերել էին՝ սնունդ, հագուստ և մեծ գումար տվեցին: Ասաց, որ առաջիկա օրերին Նշանիս կտանի ստուգման, աչքի և սրտի վիրահատություններն անվճար կկազմակերպի: Նաև աշխատանքի հարցով մի քանի տեղեր զանգեց ու ասեց` շուտափույթ էդ հարցը կլուծի: Անընդհատ զանգում ու ասում ա՝ ինչի կարիք ունենաք` ասեք»: Նշենք նաև, որ հրապարակումից հետո մեզ զանգահարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընկերներից մեկը և խնդրեց Ավետիսի հետ հանդիպում կազմակերպել: Մենք ականատես եղանք, թե ինչպես Մ. Սեդրակյանն անձամբ Ավետիսի ձեռքը բռնած այցելեց առևտրի կենտրոն և նրա համար մեծ գնումներ կատարեց: Ի դեպ, Մ. Սեդրակյանը Ավետիսի համար հագուստն ընտրում էր անձամբ և, որպես կանոն, երեխայի նախընտրությունները հաշվի առնելով: Նա ընտանիքին նաև գումար նվիրեց:

100_2057 100_2059 100_2066
Այս օրերի ընթացքում ես չեմ հասցրել հետևել, թե Պարույր Հայրիկյանը քանի անգամ է դիմել ՍԴ ու քանի անգամ է փոշմանել: Չեմ հասցրել նաև հետևել նախընտրական քարոզարշավի ժամանակ ավետիսների համար հնչեցրած ճոռոմ խոստումներին: Միայն հասցրել եմ Ավետիսի ընտանիքի մասին հարյուրավոր մարդկանց տվյալներ տրամադրել ու հետևել, թե ինչպես են բազմաթիվ իրար անծանոթ մարդիկ մեկ մարդու պես համախմբվում ու աղքատության մեջ ապրող ընտանիքին ոտքի կանգնեցնում: Հուսով ենք` բազմաթիվ նման դեպքերից գոնե այս մեկ օրինակով վերևների «բնակիչները» կգիտակցեն շարքային քաղաքացիներից ինչ-որ բան սովորելու անհրաժեշտությունը: Եթե ոչ` ունեցածը կիսելը, ապա՝ գոնե մարդկությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս