Էպոսագետ. «Ես Պարույր Հայրիկյանին տելեվիզորով եմ տեսել»

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, ով հայտարարել է, որ իրեն ընտրություններից հետո ձերբակալելու են նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով, այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ինքը Պարույր Հայրիկյանի հետ որևէ խնդիր չունի:

«Ցանկացած մարդու ուղեղի մեջ չի տեղավորվի, թե Վարդան Սեդրակյանին իրականում ինչքա՞ն է հետաքրքիր Պարույր Հայրիկյանն ընդհանրապես կյանքում: Տարիքային տարբերություն կա մեր մեջ ահագին: Ես ոչ իր կուսակցությունից եմ եղել… Մեր ճանապարհները ոչ միայն չեն հատվել, այլ ընդհանրապես չեն մոտեցել: Ես Պարույր Հայրիկյանին տելեվիզորով եմ տեսել»,- հայտարարեց Վարդան Սեդրակյանը:

168.am-ի այն հարցին, թե, ի վերջո, ի՞նչ հիմնավորում պետք է իրավապահ մարմինները ներկայացնեն՝ ի՞նչ շահագրգռվածություն պետք է ունենար ինքը Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար, Վարդան Սեդրակյանը պատասխանեց. «Եթե ձերբակալվածները լինեին այնպիսի մարդիկ, որոնք ինչ-որ ձևով պաշտպանություն ունենային, քիչ թե շատ  կրթվածություն ունենային, ձեր ասածի մեջ իմաստ կար, բայց ես չգիտեմ՝ ի՞նչ պատճառ կգտնեն: Դրանցից մեկը խաղամոլ է, մյուսը՝ թմրամոլ: Այդ մարդիկ այն մարդիկ չեն, որ ես տրամաբանություն գտնեմ»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: Նա չբացառեց, որ ԱԱԾ-ն գործով ձերբակալված Սամվել Հարությունյանից և Խաչատուր Պողոսյանից ցուցմունքներ կարող է կորզել նաև բռնության միջոցով:

Վ. Սեդրակյանը պատմեց, որ ձերբակալված  Սամվել Հարությունյանն, ով էպոսագետի հարևանն է, բազմիցս իրենից գումարներ է խնդրել բանտում գտնվող եղբորն ուղարկելու համար: Վարդան Սեդրակյանը չբացառեց, որ ձերբակալվածները, քանի որ կասկածելի վարքի տեր են, նախօրոք են պլանավորել, որպեսզի հետագայում շանտաժի միջոցով իրենից գումարներ պահանջեն: Վարդան Սեդրակյանը պատմեց նաև, որ Սամվելի կինը լուրեր է տարածել Քանաքեռում, թե ինքը պատժիչ ջոկատներ ունի և ամուսնուն էլ նշանակել է այդ ջոկատների պետ:

Տեսանյութեր

Լրահոս