Ամիրյան փողոցի բնակիչները՝ Սերժ Սարգսյանին
ՀՀ նախագահ պարոն Ս.Սարգսյանին
ք. Երևան, փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18,
4/20,4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներից
Բաց նամակ
Մեծարգո պարոն նախագահ, մենք, լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ին ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից ստանայինք մեր բնակարանները։ քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2), սակայն 2008թ. միայն շենքի նախագիծն է հաստատվել։
2009 թ. ՀՀ կառավարությունը 3 մլն դոլար տրամադրեց Ամիրյան 4 շենքի շինարարությունն ավարտելու համար։ ինչ եղավ այդ գումարը, հանելուկ է, փաստը այն է, որ շինարարությունը առայսօր չի ավարտվել։ ի միջայլոց, դատելով շինարարության ներկա տեմպից, մոտակա 2-3 տարում չի էլ ավարտվի։ դատելով ամեն ինչից՝ 2009թ. ՀՀ կառավարության կողմից Ամիրյան 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրված 3 մլն դոլարի անհետացման և շինարարության վերջնաժամկետը վեց տարով խախտելու հարցը ՀՀ ոչ մի պետական մարմնի չի հետաքրքրում։ ՀՀ կառավարության սխալի համար հիմա պետք է վարձահատույց լինենք մենք` ՀՀ և արտերկրի քաղաքացիներս:
2011–2012թթ. ֆինանսների նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք հաշտության պայմանագրեր, որոնցով ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած վնասների և շինարարության ձգձգման տույժերից։ փոխարենը ստիպված էինք պարտավորվել վճարել հողի հարկ, որը պարտավոր էր վճարել կառուցապատողը (ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):
ֆինանսների նախարարությունը խոստացավ, որ շենքի շինարարությունը կավարտվի երեք ամսվա ընթացքում: անցել է մեկ ու կես տարուց ավելի, սակայն շենքի շինարարությունը չի ավարտվել ու մոտակա մի քանի տարիներին չի էլ ավարտվի և մենք շարունակում ենք վարձով ապրել: բացի դրանից, չեն կատարվում Հաշտության պայմանագրի կետերը՝ արտաքին դռների ու լուսամուտների տեղադրում, պատերի շարում և այլն: Ստացվում է, որ ընդառաջելով մեր պետությանը և կնքելով հաշտության պայմանագրերը, մենք քառակի ենք տուժում` հրաժարվելով պայմանագրերով նախատեսված տույժերից, կառուցապատողի փոխարեն վճարելով հողի հարկը, տեղադրելով հաշտության պայմանագրով նախատեսված, բայց չտեղադրված դռներն ու լուսամուտները, պատերի շարումը, և շարունակելով վճարել վարձակալած բնակարանների համար:
մեզանից պետական կարիքների համար իրացված տների տեղում կառուցվող շենքում որոշ մարդիկ ծավալել են բիզնես գործունեություն (խանութներ, գրասենյակներ, հյուրանոց և այլն) և աշխատում են մեծ գումարներ, իսկ մեզ ֆինանսների նախարարությունում ասում են, որ շենքը ավարտական տեսքի բերելու և պետության կողմից մեր առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար գումար չկա: ինչ է, այդ մարդիկ անվճա՞ր են վերցրել այդ տարածքները:
Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ-ն մեզ խաբել է և նույնիսկ շինարարության վերջնաժամկետը վեց տարի խախտելուց հետո էլ միտք չունի կատարելու մեր հանդեպ պայմանագրով իր վրա վերցրած պարտավորությունները:
Այս ամենը բերում է մեկ տրամաբանական եզրակացության, որ պետական պաշտոնյաները որոշ մարդկանց հետ միասին միտումնավոր ձգձգում են շինարարությունը, որպեսզի իրականացնեն իրենց անձնական ծրագրերը:
Մեծարգո պարոն նախագահ, դուք ասացիք, որ միայնակ չեք կարող պայքարել ապօրինությունների դեմ և որ ձեզ պետք է մեր աջակցությունը: Մենք արդեն 6 տարի է, ինչ պայքարում ենք մեր բնակարաններում ապրելու մեր Սահմանադրական իրավունքի համար:
Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք ձեզ, որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, գլխավորել Սահմանադրական իրավունքի խախտման դեմ մեր պայքարը և գոնե 6 տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցվի այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը:
Հարգանքով փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներ: