«Ստիպված ենք ասել, որ թվերը ցածր են, բայց մենք դրանց չենք հավատում»
Հարցազրույց Հայաստանի Ամերիկյան համալսարանի առողջապահական բաժնի
հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում 2012-ին իրականացված հակածխախոտային պայքարի միջոցառումները: Որքանո՞վ են դրանք արդյունավետ եղել:
– 2012 թվականը շատ պասիվ տարի է եղել: Նույնիսկ ես կասեի` ոչ միայն 2012-ին, այլ վերջին մի քանի տարիների ընթացքում հակածխախոտային պայքարը շատ պասիվ է եղել, ընդհանրապես որևէ դրական տեղաշարժ չի եղել: Ավելին, 2011-ին Կառավարության նախագիծ կար, բայց այն քնեցրին, և մի քանի ժամ անց հետ կանչեցին անհասկանալի պատճառներով` ի՞նչն էր պատճառը, ո՞վ զանգեց, ի՞նչ ասաց:
– Մի առիթով ասել էիք, որ ծխախոտի արդյունաբերությունը Հայաստանում քաղաքական խոչընդոտ է երկրում ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ իրականացման համար: Այս վիճակն արդյոք շարունակվո՞ւմ է, և կարելի՞ է դա համարել հակածխախոտային ոչ արդյունավետ պայքարի պատճառ:
– Իհարկե, կա այդ խոչընդոտը: Դա դարձել է գործող ուժ: Երևի թե դրանով է պայմանավորված այսպիսի իրավիճակը: Մի կողմից` երևի թե հասարակական կազմակերպությունները շատ չեն զբաղվում այդ հարցով: Մյուս կողմից էլ` կա մի հզոր ուժ, ինչպիսին է ծխախոտի արտադրությունն ու ներկրումը: Բացի այդ` օրինական դաշտում երկիրը չի կատարում իր պարտականությունները, օրինակ` «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» պայմանները չեն կատարվում: Դա շատ տարօրինակ կամ գուցե շատ սովորական երևույթ է Հայաստանի համար: Երկիրը մոռացել է իր միջազգային պատասխանատվության մասին:
– Ասացիք, որ հասարակական կազմակերպությունները շատ չեն զբաղվում այդ հարցով: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Հիասթափություն կա, որովհետև արվել են բազմաթիվ փորձեր, բայց սայլը տեղից չի շարժվել: Սա էլ հիասթափություն է առաջացրել:
– Որոշ մասնագետներ կարծիք են հայտնել, որ քանի դեռ Հայաստանում ծխախոտի գներն այսքան մատչելի են և հասանելի, չի կարելի ասել, որ ծխախոտի դեմ պայքարն արդյունավետ է: Ի՞նչ եք կարծում այս մասին:
– Լիովին համաձայն եմ: Գները շատ մատչելի են: Անթույլատրելի է 2012-2013-ին նման գներ ունենալ: Մի փոքր հիմա գները բարձրացրել են, բայց, միևնույն է, դա ազդեցություն չի ունենա: Եթե օրինակ` ծխախոտի գինը 1 կամ 1,5 անգամ բարձրացնեն, բնական է, որ սպառումը կնվազի, սակայն բարձրացնելու հետ միասին մարդկանց պետք է բացատրել` ինչու է դա արվում: Միայն տնտեսական լծակը չէ, որ կարևոր է:
Ծխախոտի օգտագործումը լուրջ խնդիր է առողջության համար, և պետք է խոսվի դրա մասին: Գինը բարձրացնելիս պետք է մեծ քարոզարշավներ կազմակերպվեն: Իսկ ի՞նչ է անում մեր Կառավարությունը: Հատկացվում է մի փոքր գումար, դա գնում է նախագահի աշխատակազմ, և հետո փոշիացվում են այդ գումարները, որովհետև արդյունք ոչ ոք չի տեսել դեռ երբևիցե: Մեծ գումարներ գնացել են: եթե ցանկություն լիներ այդ գումարը ճիշտ ծախսելու, կարելի էր շատ արդյունավետ քարոզարշավ կազմակերպել: Փառք Աստծո, երկրում մասնագետներ կան: Պարզապես մի բան ասվում է, մի բան` արվում:
– 2009-ի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16-ից սկսած) բնակչության 27%-ը կանոնավոր ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր) 57.7%-ը ծխող է։ Ի՞նչ եք կարծում այս թվերի մասին:
– Այդ թիվը գոյանում է տղամարդկանց և կանանց թվի գումարից, այդ պատճառով էլ թիվը 27 տոկոս է ստացվում: Սակայն իմ դիտարկումներով` 2005-2010 թվականների ընթացքում որևէ դրական տեղաշարժ չի նկատվել տղամարդկանց շրջանում: Կա նաև այսպիսի խնդիր. յուրաքանչյուր տարի ծխախոտ օգտագործողների թիվը որոշվում է տարբեր տեսակի հարցումներով, և բնական է, որ դրանք դժվար է համեմատել:
Պետությունը, կառավարությունը, Առողջապահության նախարարությունը չունեն մշակված մեթոդաբանություն, որով կկարողանան անընդհատ հետևել թվերին: Արդեն քանի տարի է` ստիպված ենք ասել, որ թվերը ցածր են, բայց մենք դրանց չենք հավատում: Դա մեծ բացթողում է, որովհետև, եթե ուզում ես ինչ-որ բանի դեմ պայքարել, պետք է գնահատես: Գնահատելու համար պետք է ունենալ այդ տվյալները:
– Հարցումները ծխող կանանց քիչ քանակ են արձանագրում: Թիվն իրոք փո՞քր է, թե՞ տվյալներն իրականությանը չեն համապատասխանում:
– Կանանց առումով բոլոր հարցումները ցույց են տալիս շատ ցածր տարածվածություն, իսկ մենք բոլորս ուրիշ պատկեր, ուրիշ միտումներ ենք տեսնում: Տեսնում ենք, որ երիտասարդներն ավելի շատ են սկսում ծխել: Երևանում դա հատկապես շատ տարածված է: Ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է մի շարք հիվանդությունների` սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, շարքարային դիաբետի, թոքի քաղցկեղի համար: Տվյալները վկայում են, որ Հայաստանում մահացության հիմնական պատճառները հենց այդ հիվանդություններն են: Եթե կանանց շրջանում ծխախոտի օգտագործումն այս տեմպերով աճի, ապա կարող ենք ասել, որ 20-30 տարի անց նշված հիվանդությունները տարածվելու են նաև կանանց շրջանում:
– 2013-ին ի՞նչ քայլեր պետք է արվեն Հայաստանում հակածխախոտային պայքարում:
– Պետք է արգելվի ծխելը բոլոր հանրային վայրերում: Գիտեք` այսօր ծխախոտի օգտագործումն արգելված է միայն 4 կատեգորիաներում`առողջապահություն, կրթություն, մշակույթ և տրանսպորտ: Սա խիստ անբավարար վիճակ է, և պետք է անպայման արգելել նաև հանրային մյուս բոլոր վայրերում: Զուգահեռ պետք է պատկերային զգուշացումներ լինեն ծխախոտի տուփի վրա: Խանութներում ծխածոտի տեղադրումն արդեն իսկ գովազդ է, հետևաբար` դա պետք է հանվի: Պետք է բարձրացվի նաև ծխախոտի գինը: Անպայման պետք է կրթել բնակչությանը: Եթե խորհրդային սերունդն ինչ-որ մակարդակով գիտի` ինչ վնասներ է հասցնում ծխախոտը, չի բացառվում, որ այսօրվա ավելի փոքր սերունդներն ընդհանրապես չիմանան: Խայտառակություն է, երբ բժիշկն ինքը ծխում է, ասում է, որ դա վնաս չի տա. հարևանս այսքան տարի ապրեց:
«168 ԺԱՄ»