«Բռնապետության օրոք ընտրություն չի կարող լինել, ամենը կեղծիք է ու իմիտացիա»
Ասում է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը
– ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ մահափորձ էր իրականացվել, հրաժարվեց դիմել ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու պահանջով։ Ըստ Ձեզ՝ պետական և հասարակական շահի տեսանկյունից այդ որոշումը ճի՞շտ էր, թե՞ ոչ։
– Պետական և հասարակական շահը պահանջում է, որ ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի սցենարով կազմակերպվող այս բեմականացումը, որը ժողովրդի և մամուլի ներկայացուցիչների մի մասը սովորույթի ուժով անվանում է «ընտրություններ», անցկացվի առանց քիչ թե շատ իրական դերակատարների և հանդիսատեսի։ Ես մեկ անգամ արդեն հրապարակավ ասել եմ, որ ամենաճիշտ տարբերակն այն կլինի, որ որոշակի ընտրազանգված ունեցող թեկնածուները հրաժարվեն մասնակցությունից և ասպարեզը թողնեն Սերժին ու նրա էպոսագետին։ Վերջապես պետք է հասկանանք, որ բռնապետության օրոք ընտրություն չի կարող լինել, ամենը կեղծիք է ու իմիտացիա։ Այն թեկնածուները, որոնք մնում են «ընտրությունների» գործընթացում, կամա թե ակամա, լեգիտիմացնում են հանցավոր վարչախմբին ու նրա պարագլխին։
– Կարծիքներ հնչեցին, թե իշխանությունները Պարույր Հայրիկյանի այդ որոշման վրա ազդեցին։ Ինչո՞ւ պետք է իշխանությունները դեմ լինեն ընտրությունները հետաձգելուն։
– Վարչախմբի ոտքերի տակ հողը երերում է, նա չի վայելում ժողովրդի աջակցությունը։ Որքան էլ վարչախումբը փորձի վերահսկել «ընտրությունների» գործընթացը, միևնույն է, դրա ընթացքում շատ ավելի խախուտ ու խոցելի է դառնում, ուստի պետք է ձգտի հնարավորինս սահուն և արագ ավարտել այս բեմականացումը։
– Նոր ընտրություններ նշանակվելու դեպքում նախագահի թեկնածու չառաջադրած խորհրդարանական ընդդիմությունը կարո՞ղ էր օգտվել առիթից՝ «սխալն» ուղղելու համար։
– Առկա համակարգում ոչ քաղաքական դաշտ կա, ոչ էլ իրական ընդդիմություն։ Ուստի, անիմաստ է խոսել գործողությունների օգտակարության կամ սխալներն ուղղելու մասին։
– Կարողացա՞վ իշխանությունն այս կրակոցն օգտագործել հօգուտ իր PR-ի՝ ցույց տալով, թե որքան սրտացավ էր Պարույր Հայրիկյանի նկատմամբ։
– Վարչախումբն ու նրա պարագլուխը բռնել են ամեն ինչ յուրացնելու և ամեն ինչից ամեն գնով օգուտ կորզելու ուղին։ Նրանք զգում են, որ ժողովրդի նկատմամբ բռնի ու թալանչիական տիրապետություն հաստատելու հետևանքով՝ իսպառ զրկվում են նրա աջակցությունից, ինչի հետևանքով կորցնում են քաղաքական և սոցիալական սնուցումը։ Իսկ առանց դրա որևէ կառավարող համակարգ չի կարող գոյատևել։ Նրանք չեն խորշում անգամ որպես իրենց հաղթանակ ցույց տալ Մաշտոցի պուրակը տաղավարներից մաքրելու պայքարը, որն իրականում իրենց առաջին շոշափելի և ցուցանիշային պարտությունն էր։ Հիմա այս դեպքն են փորձում օգտագործել։ Սակայն ակնհայտ է, որ հոգեվարք են ապրում և ստիպված ամբողջ մնացյալ ներուժն օգտագործում են «փուչիկներ» փչելու, և բաց թողնելու համար։ Ի դեպ, այս գործում էլ չեն հաջողում։ Բոլոր «փուչիկները» պայթել են և պայթելու են։ Դրանցից վերջինն «ապահով» Հայաստանի «փուչիկն» էր։ Հարկ եմ համարում նաև նշել, որ վարչախմբի նավի խորտակման ամենածանր հետևանքները կրելու է նրա պարագլուխը։ Նրա շուրջը հավաքված ստրկամիտ զանգվածից իրեն ամենամոտ կանգնած շրջանն առաջինն է լքելու նրան։ Նա չի վայելելու իր հնգամյա տիրապետությունը։ Շատ ավելի կարճ ժամանակ հետո նա լքված ու միայնակ է լինելու և սպասելու է Մուբարաքի ճակատագրի կրկնությանը։ Գործընթացի տրամաբանության համաձայն՝ դա առավել հավանական տարբերակն է։
– Նախագահի թեկնածուներից որքանո՞վ եք հիմնավոր համարում Արամ Հարությունյանի պահանջը՝ չեղյալ համարել բոլոր թեկնածությունները և նոր ընտրություններ նշանակել, Անդրիաս Ղուկասյանի պահանջը՝ անվավեր համարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Արման Մելիքյանի պահանջը՝ տրամադրել Հայաստանից հեռացածների ցուցակը։
– Մեր իրականության պայմաններում որևէ նշանակություն չունի այս կամ այն պահանջի հիմնավորության աստիճանը։ Կրկնում եմ, մենք ապրում ենք բռնատիրության օրոք, որը ձևավորել է ազգին և մարդուն կեղեքող, նրանց շահերի հաշվին գոյատևող համակարգ՝ իր տնտեսական, կուսակցական և պետածառայողական խամաճիկային վերնախավով։ ՈՒստի հարկավոր է օր առաջ ինքնակազմակերպվել, ձևավորել այլընտրանքային համակարգի սաղմեր, հզորացնել դրանք՝ մինչև ինքնափլուզվող առկա համակարգին փոխարինելու ունակության աստիճանի, ապա զբաղեցնել նրա տեղը և կերտել նոր որակի հզոր ու զարգացող պետություն։
– «Սարդարապատ» շարժումն ինչո՞վ է զբաղված նախընտրական այս շրջանում, հետևո՞ւմ եք նախընտրական զարգացումներին, ինչո՞վ դրանք կավարտվեն։
-«Սարդարապատ» շարժումն իր գործունեությունը չի պայմանավորում «ընտրություններ» կոչվող այս բեմականացման զարգացումներով։ «Սարդարապատ» շարժումն ամեն հարցում սատարում է Նախախորհրդարանի նախաձեռնած այլընտրանքային գործընթացին, որի նպատակը Հայաստանում նոր որակի պետության ստեղծումն է։ Մենք համոզված ենք, որ իրենց սպառած քաղաքական դաշտի և ներկայացուցչական մարմինների փոխարեն՝ քաղաքացիական ներուժից ծնվելու են նոր, առողջ ու կենսունակ քաղաքական ուժեր և ներկայացուցչական մարմիններ։ Այսօր քաղաքական սերնդափոխության պահ է։ Իր դարն ապրած քաղաքական սերնդի 25 տարվա կյանքի ցիկլն ավարտվել է։ Այն, լավ թե վատ, լուծել է իր առջև դրված խնդիրը՝ Արցախի ազատագրումը։ Ավելին, որպես նվեր՝ ստացել է Հայաստանի միջազգային ճանաչումը, սակայն, անկախության ամբողջական ընկալմանը հասու չլինելու պատճառով, փաստորեն, մաս-մաս հանձնում է այն, ինչին կհետևի ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության կորուստը՝ հայրենաբնակ հայությանը կանգնեցնելով ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև։ Ուստի այս քաղաքական սերնդի փոխարինումը նոր որակի սերնդով կենսական անհրաժեշտություն է։
– Այս և նախորդ նախագահական ընտրություններին հասարակական տրամադրությունների մեջ ի՞նչ փոփոխություններ կան։
– Վարչախմբի մասով շատ բան չի փոխվել։ Թերևս նա ավելի է կատարելագործել «ընտրությունների» միջոցով իր վերարտադրության մեխանիզմը՝ այն հասցնելով կատարելության աստիճանի։ Համակարգի ներսում գործող ընդդիմության մասով արձանագրվել է, որ այն՝ որպես այդպիսին, գոյություն չունի։ Տիտղոսակիր ընդդիմությունն առկա ապազգային համակարգի օրգանական մասն է և այդ պատճառով չի կարող մերժել այն ու նրանից դուրս ելքեր որոնել, ուստի ընդամենը առաջ է քաշում իշխանափոխության գաղափարը, որը չի կարող որպես հիմք ունենալ «հանուն»-ի տրամաբանությունը։ Մինչդեռ պետք է հասկանալ, որ այլևս հնարավոր չէ «ընդդեմ»-ի տրամաբանությամբ նախագահական և, առավել ևս, այլ «ընտրությունների» միջոցով մոբիլիզացնել ժողովրդին, քանի որ տեղի է ունեցել Մարտի 1։ ժողովուրդը հասկացել է, որ դա ճանապարհ չէ։ Հարկավոր է ժողովրդին մոբիլիզացնելու այլ մեխանիզմներ գտնել, ընդ որում՝ համակարգից դուրս, քանի որ համակարգի ներսում անտեղի են «հանուն»-ի բոլոր որոնումները։ Դրանք իրականում «ընդդեմ»-ի քողարկված տարբերակներ են։ Միայն նախապես մշակված, առկա համակարգից դուրս իրական «հանուն»-ի ծրագիր ունեցող թարմ քաղաքական ուժերի համախմբված գործունեությամբ է հնարավոր այսօր մոբիլիզացնել ժողովրդին և կատարել անհրաժեշտ համակարգային փոփոխություններ։ Այս հանգամանքների ազդեցությամբ հասարակության մի զգալի մասը, գիտակցելով «ընտրություններ» կոչվող գործընթացի կեղծ բնույթը և անիմաստ համարելով դրանց շրջանակում մոբիլիզացվելը, չի մասնակցելու այս բեմականացմանը։
– Ընդդիմության դաշտում ի՞նչ փոփոխություններ են սպասելի, մասնավորապես, ՀԱԿ-ի ներսում կատարվող խմորումներն ինչի՞ կհանգեցնեն։
– Ընդդիմության առողջ ուժերը կզատվեն և կմասնակցեն այլընտրանքային գործընթացին, իսկ մնացածի ճակատագիրը կանխորոշված է. նրանք փոշիանալու են։
– ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, մնալով հանդերձ ՀԱԿ-ի կազմում, քաղաքական իր գիծն է առաջ տանում։ Ըստ Ձեզ՝ նա ընդդիմադիր նոր շարժման առաջնորդ դառնալու ի՞նչ հեռանկարներ ունի։
– Առաջնորդների ժամանակներն անցել են։ Հիմա քաղաքական նոր գաղափարներ ծնող և իրար լրացնող մարդկանցից կազմված խմբերի ժամանակն է։ Այնպիսի խմբերի, որոնք ունակ են քաղաքական պայքարը վարել՝ որպես մյուսների համար քաղաքական ստեղծագործության հնարավորություն ձևավորելու գործունեություն և փոխզիջողաբար համախմբվել նրանց հետ՝ հանուն ընդհանուր դարձած գաղափարների իրագործման։ Ի դեպ, Նախախորհրդարանի բովանդակային նպատակներից մեկն էլ կոլեգիալության մշակույթի արմատավորումն է։
– Ծանո՞թ եք Նիկոլ Փաշինյանի առաջարկած քաղաքացիական պայմանագրին, եթե այո՝ ինչի՞ն եք դեմ և կողմ, կմիանա՞ք արդյոք այդ պայմանագրին։
– Պայմանագրին ծանոթ եմ։ Նրա որոշ տարրեր համադրելի են Նախախորհրդարանի նախաձեռնած այլընտրանքային գործընթացին։ Ուստի, արդյունավետ կլիներ, եթե այդ և նման այլ նախաձեռնությունները համադրվեին Նախախորհրդարանի ձևավորած առավել ընդարձակ հարթակում։ Նաև հատուկ ուզում եմ նշել, որ Նախախորհրդարանի նախաձեռնած գործընթացի տրամաբանությունը չի ընդունում վարչախմբի պարագլխի առաջիկա վերարտադրությունից հետո նրան ևս հինգ տարի հանդուրժելու միտքը։ Ինչպես արդեն ասացի, շատ ավելի կարճ ժամանակ հետո մենք ականատես ենք լինելու առկա համակարգի, նրա միջուկը կազմող հանցավոր վարչախմբի և դրա պարագլխի կործանմանն ու Նոր Հայաստանի կերտմանը։
Հարցազրույցը՝
ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆԻ