
Կահիրեում տեղի է ունեցել Եգիպտոսի, Իրանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կահիրեում տեղի է ունեցել Եգիպտոսի, Իրանի ու Թուրքիայի նախագահներ Մոհամմեդ Մուրսիի, Մահմուդ Ահմադինեժադի ու Աբդուլլահ Գյուլի եռակողմ հանդիպումը: Հանդիպումը կայացել է Կահիրեում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 12-րդ գագաթաժողովի շրջանակներում:
Եռակողմ հանդիպման նախաձեռնողի դերում է հանդես եկել Մուրսին: Հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղիները: Կողմերը գնահատական են տվել ճգնաժամի քաղաքական կարգավորման հնարավորություններին և կոնսենսուսի են հասել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման շուրջ:
Աբդուլլահ Գյուլը Մահմուդ Ահմադինեժադին հայտնել է, որ Իրանը կարող է էլ ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Սիրիայում արյունահեղության դադարեցման գործում: Ահմադինեժադն իր հերթին ընդգծել է, որ թույլ չի տա արտաքին միջամտություն Սիրիայում:
Կողմերը որոշում են ընդունել տեխնիկական բանակցությունների շարունակման մասին՝ սիրիական հարցի քաղաքական կարգավորման մեխանիզմների մշակման համար: