«Բա իմ խոխեքը ինչի՞ համար են էսօր բանտարկված»
«Հետո ասում են` ազատ, անկախ Հայաստան ենք: Ազատ եք, լավ եք: Բա իմ խոխեքը ինչի՞ համար են էսօր բանտարկված»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց իր բողոքն էր արտահայտում Գորիս քաղաքի բնակչուհի Սեդա Գրիգորյանը: Այժմ նրա աղջկա ամուսինն ու երկու որդիները կալանավորված են. մեղադրվում են ծեծկռտուքի մասնակցելու ու կեղծ ապացույցներ կազմելու մեջ:
2010թ. Քաջարան քաղաքում տեղի է ունեցել խուլիգանություն, որի արդյունքում մահացել է Գրիգոր Պապյանը: Մեղադրանք է առաջադրվել Սահակ Սահակյանին, կայացվել է դատավճիռ, սակայն հետագայում վերաքննիչ դատարանն առաջին ատյանի կայացրած վճիռը բեկանել է, ուղարկել նոր քննության: Նոր քննության ընթացքում ի հայտ են եկել մանրամասներ, վարույթ է հարուցվել, և այժմ կատարվում է նախաքննություն: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Հակոբ Թոսունյանը (վերջինս Սեդա Գրիգորյանի աղջկա ամուսինն է). Հակոբ Թոսունյանի պաշտպանի` փաստաբան Վահագն Մանուկյանի խոսքով` ըստ նախաքննական վարկածի` Հակոբ Թոսունյանին մեղադրանք է առաջադրվել վկային ցուցմունք տալու հարկադրելու մեջ, ինչպես նաև կեղծ ապացույցներ կազմելու և դատարան ներկայացնելուն օժանդակելու համար: Նրա որդիներ Գևորգ և Ջորջ Թոսունյանները ևս կալանավորված են. նրանք մեղադրվում են վիճաբանությանը մասնակցելու համար (Ջորջ Թոսունյանը զինծառայող է): Հակոբ Թոսունյանի մյուս որդուն` Կարապետ Թոսունյանին ևս մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը: Պաշտպանը նշում է, որ, չնայած արդեն 6 ամիս է` ընտանիքի 3 անդամները կալանավորված են, բայց հարցաքննություն եղել է ընդամենը 1-2 անգամ՝ մեղադրանքի հիմքերի հետ չառնչվող հարցերի կապակցությամբ:
Պաշտպան Վահագն Մանուկյանի խոսքով` արդեն 6 ամիս է` շարունակվում է այս գործի նախաքննությունը, սակայն այս ընթացքում գործը գրեթե անշարժ վիճակում է. «Եթե կա մեղադրանք, ապա պետք է լինեն նաև քննչական գործողություններ. բազմիցս միջնորդություններ ենք հարուցել՝ առերեսումներ կատարել այն բոլոր անձանց հետ, ովքեր ցուցմունքներ են տվել իմ պաշտպանյալի դեմ, քանի որ իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն, ըստ էության, հիմնավորվում է անձանց ցուցմունքներով: Իսկ եթե այդպիսի անձինք չկան, չկա հակասություն, ապա ստացվում է, որ մեղադրանքն էլ է ոչ հիմնավոր: Իսկ եթե կան անձինք, որոնք ցուցմունքներ են տվել և մեղադրում են իմ պաշտպանյալին իրենց մեղսագրված հանցանքներում, ապա նախաքննական մարմինը, համաձայն քրեական դատավարության 216-րդ հոդվածի 2-րդ մասի, ուղղակի պարտավոր է էական հակասությունների դեպքում կատարել առերեսումներ, որը տեղի չի ունենում»:
Հակոբ Թոսունյանի կինը` Մանյա Գրիգորյանը, պատմեց, որ ամուսինն այժմ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, իսկ Գևորգ և Ջորջ Թոսունյանները` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Կինը պատմում է, որ Հակոբ Թոսունյանն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի` արյան բարձր ճնշում, լյարդի, լեղապարկի հիվանդություններ:
«Հիմա ամուսնուս միակ պահանջածը դեղորայքն է: Ասում է` ինձ սնունդ պետք չէ: Ես ջուրն ու հացը կթաթախեմ, կուտեմ: Դեղորայքով է ինքն ապրում: Ես իրեն վերջին անգամ հյուծված վիճակում եմ տեսել: Ինքը, որ այդքան ուժեղ կամքի տեր մարդ է, այս անգամ հյուծված վիճակում էր»,- ասաց Մանյա Գրիգորյանը: Վահագն Մանուկյանի խոսքով` ներկայացվել են փաստաթղթեր, որոնց համաձայն` նա բժիշկների հսկողության կարիք ունի. «Միջնորդել եմ նույնիսկ գրավ կիրառել կամ խափանման միջոցը փոխել, և այս հարցը նույնպես մնացել է անհետևանք»:
Հակոբ Թոսունյանի քրոջ` Էլիզա Թոսունյանի խոսքով` դեպքին Հակոբ Թոսունյանն առհասարակ մասնակից չի եղել. նա գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում: «Հակոբը վատառողջ է, հիմա էլ մեկուսարանում ինքը տանջվում է, առողջական խնդիրներ ունի: Ուզում ենք գոնե նրան հիվանդանոց տանել»,- պատմեց նա: Նա նաև նշեց, որ գյուղի բնակիչները ստորագրություններ են հավաքել ու նշել, որ Հակոբ Թոսունյանը լավ մարդ է, և կապ ունենալ ծեծկռտուքի հետ չէր կարող: Ստորագրությունները հանձնվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին աշխատակազմին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Ազգային անվտանգության ծառայությանը:
Պաշտպան Վահագն Մանուկյանն ընտանիքի պահանջները ներկայացրեց նաև ՀՀ գլխավոր դատախազություն: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրեն ասել են` ներկայացված պահանջները քննության կառնվեն, և օրենքով սահմանված կարգով կպատասխանեն:
Թոսունյանների հարազատները պատմեցին, որ իրենց հետ Երևան գալու ցանկություն են ունեցել նաև այլ բարեկամներ, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: