Փլվող պատշգամբի քարերն ընկել են տարեց կնոջ գլխին
168.am-ն ահազանգ էր ստացել Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 68ա շենքի բնակիչներից, որտեղ օրեր առաջ միջադեպ էր գրանցվել: Բանն այն է, որ կիսափուլ պատշգամբի փլվածքից քարե կտորներն ընկել են շենքի բնակչուհիներից մեկի գլխին: Բարեբախտաբար, տուժողը հարվածից լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն 68ա շենքի բնակիչները կանխատեսում են, որ առաջիկայում լուրջ միջադեպեր են գրանցվելու: Բնակիչները պատրաստվում են նախագահական նստավայրի մոտ բողոքի ցույց կազմակերպել՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին հիշեցնելու համար, որ իր պաշտոնավարման տարիներին հնչեցրած խոստումները նա չի կատարել: «Սա՞ է ապահով Հայաստանը, երբ վախենում ենք պատշգամբ դուրս գալ, որովհետև ուր որ է՝ փլվելու է, ինչպես տարիներ առաջ Աերացիայում մի կին ընկավ ցած՝ պատշգամբի փլվածքի պատճառով: Բետոնե սալիկներն ու քարերը մարդկանց գլխին են թափվում: Վթարային վիճակում ապրում ենք, բայց որտեղ դիմում ենք, ասում են՝ ֆինանսավորում չկա: Ամոթ է… Ամեն ընտրության ժամանակ իրենց ջիփերով գալիս են, ամեն թեկնածուի ներկայացուցիչ, իր հերթին՝ խոստումը տալիս ու հեռանում է: Հիմա ի՞նչ երեսով են նույն խոստումները տալով՝ ձայներ կորզում»,- ասում են Վարդաշենի 68ա շենքի վրդովված բնակիչները՝ նշելով, որ իրենց բողոքն արտահայտելու համար առաջիկայում բողոքի ցույց են կազմակերպելու՝ նախագահական նստավայրի, այնուհետև՝ Կառավարության շենքի առջև:
Մանրամասները կարդացեք «168 Ժամ» թերթի տպագիր համարում: