Հանցագործները ձերբակալվել են «Ամիրա Պալասի» տնօրենից 45 մլն. դրամ հափշտակելու պահին
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հունվարի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից՝ քաղաքացուց 45 մլն. դրամ գումար հափշտակում կատարելու փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անշարժ գույքի գործակալության 3 աշխատակիցներ, որոնց անունները նախաքննության շահերից ելնելով ֆոտոլրագրողը չի հայտնում, «Ամիրա Պալաս»-ի տնօրենին փորձել են մոլորության մեջ գցել՝ չարաշահելով նրա վստահությունը, և ասել են, թե նրա համար ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային աճուրդով շուկայականից էժան գնով կարող են Հյուսիսային պողոտայում ձեռք բերել բնակարան:
Հունվարի 30-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գումարը ստանալու պահին նրանք քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից մերկացվել են: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում անշարժ գույքի գործակալները ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ հիմնական կատարողի նկատմամբ արդեն հայտարարվել է հետախուզում: