
Ադրբեջանական առաջին հեռահաղորդակցային արբանյակն ուղեծիր է արձակվելու փետրվարի 8-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական Аzerspace 1 առաջին հեռահաղորդակցային արբանյակն ուղեծիր է արձակվելու փետրվարի 8-ին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կապի ու հաղորդակցային տեխնոլոգիաների նախարարության մամլո քարտուղար Մուշֆիգ Ամիրովը:
Վերջինիս խոսքերով՝ ադրբեջանական արբանյակն ուղեծիր է դուրս բերվելու «Արիան 5» հրթիռակրով: Արբանյակի արձակումն իրականացվելու է Ֆրանսիական Գվիանայից (Հարավային Ամերիկա): Ադրբեջանական արբանյակը պատրաստել է ամերիկյան Orbital Sciences Corporation ընկերությունը:
Արբանյակը բաձրորակ կապի ծառայություններ է մատուցելու Արևելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Կովկասում ու Մերձավոր Արևելքում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Հայաստանի և Սփյուռքի մի շարք շրջանակներ մտավախություն էին հայտնել, որ Ադրբեջանը կարող է կապի սեփական արբանյակն օգտագործել նաև հետախուզական նպատակներով և դրանով իսկ առավելություն ձեռք բերել:
Ի դեպ, Ադրբեջանը պլանավորել է իր երկրորդ հեռահաղորդակցային արբանյակն ուղեծիր արձակել 2016 թվականին: