Գվինեթ Փելթրոու. «Գեղեցկությունը կախված է միայն քեզնից»
Նույնիսկ առօրյա կյանքում Գվինեթը միշտ փայլուն տեսք ունի, իսկ նրա մաշկը և մազերն առողջ տեսքով և փայլով աչք են շոյում: Պապարացիներին դեռ չի հաջողվել նրան վատ տեսքով լուսանկարել: Գվինեթ Փելթրոուն հոլիվուդյան այն վառ ներկայացուցիչներից է, ով փառավոր է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև՝ կյանքի նկատմամբ ճիշտ մոտեցմամբ: Նա զբաղվում է յոգայով, օգտագործում է միայն բնական ծագման սննդամթերք, խմում է մեծ քանակությամբ ջուր և մաշկը պաշտպանում է արևի վնասող ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Անշուշտ, Գվինեթը դիմում է նաև վիզաժիստներին և կոսմետոլոգներին, բայց նա ունի մի անփոփոխ համոզմունք. « Գեղեցկությունն այն է, ինչը դու ես ստեղծում»:
Գեղեցիկ մաշկ: Գվինեթը սկրաբ պատրաստելու համար օգտագործում է եղեգնաշաքար, աղացած սուրճ և ձիթայուղ: Իսկ պիլինգից հետո դերասանուհին մարմնին քսում է սնուցող քսուք, որի համար նա օգտագործում է մեղրը, վարսակի փաթիլները և հալվեի հյութը: Մարմնի և դեմքի մաշկի համար օգտագործվող այս դիմակը թարմ և գրավիչ տեսք է հաղորդում:
Շքեղ մազեր: Դերասանուհու հպարտությունն իր փայլուն, ուսերին թափվող մազերն են: Գվինեթը պարբերաբար օգտագործում է հղիների համար նախատեսված վիտամիններ, մազերի համար մրգային դիմակներ և չի մոռանում հաճախել վարսահարդարի մոտ` մազերի վնասված ծայրերից ազատվելու համար:
Առաձգական կազմվածք: Գվինեթը զբաղվում է ֆիթնեսով և յոգայով, մերսումների է հաճախում և կոնտրաստային լոգանքներ է ընդունում: Դերասանուհին հազվադեպ է տանը նստում, փոխարենը՝ սիրում է զբոսնել քաղաքով մեկ, հաճախել թանգարաններ և ցուցահանդեսներ: Նրա կարծիքով՝ միայն ակտիվ կյանքը կօգնի երկար պահպանել կազմվածքի գեղեցկությունը և երիտասարդությունը: Գվինեթ Փելթրոուն չի սիրում դիետաների հետևել: Առաջնեկին ունենալուց հետո նա ստիպված էր խիստ դիետայի հետևել, որի հետ կապված, սակայն, վատ հիշողություններ ունի: Սակայն այժմ նիհարելու համար դերասանուհին դիմում է ֆիզիկական մարզումներին, իսկ նիհարել ցանկացողներին ցանկալի արդյունքների հասնելու համար առաջարկում է ցատկապարան օգտագործել:
Ժամանակ գտեք Ձեզ համար: Ակտիվ կյանքը և մշտական նկարահանումները Գվինեթին չեն խանգարում մնալ հոգատար և սիրող մոր դերում: Չնայած այդ ամենին, նա համոզված է, որ ցանկացած պարագայում պետք է ինքդ քեզ ժամանակ հատկացնես, զբաղվես սպորտով, մշակութային կյանքով, ինքնազարգացմամբ: Միայն այդ դեպքում քեզ կարող են համարել ժամանակակից կին: «Հիշեք, որ ամենակարևորը սերն է Ձեր նկատմամբ: Երբ մոտենում եք հայելուն, Ձեր աչքերը փորձում են թերություններ գտնել Ձեր արտաքինի մեջ: Փոխարենը՝ փորձեք տեսնել Ձեր առավելությունները»,- խորհուրդ է տալիս Գվինեթ Փելթրոուն:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ