Օրինակելի գեներալը (տեսանյութ)

168.am-ը զրուցել է Լիբանանի պետական նախարար, գեներալ  Փանոս Մանջյանի հետ: Լիբանանի 30 նախարարներից երկուսը հայ են` արտադրության նախարարը և պետական նախարարը: Փ. Մանջյանը շուրջ 38 տարի աշխատել է Լիբանանի պաշտպանության բանակում:

Լիբանանում այս ազնվագույն գեներալի մասին բոլորը գիտեն: Փանոս Մանջյանին այդպես են ներկայացնում ոչ միայն լիբանանահայերը, այլև լիբանանցիները: Նրա  հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի առաջիկա համարում: Իսկ մինչ այդ ներկայացնում ենք այդ հարցազրույցից մեկ հատված:

Հարցին, թե Լիբանանում ընդունվա՞ծ է, որ գեներալը կարող է բիզնես, կալվածքներ ունենալ, Փ. Մանջյանը պատասխանեց. «Ոչ, Լիբանանում հողեր և տուն կարող է ունենալ, բայց որևէ զինվորի անկարելի և բացարձակապես արգելված է անձնական բիզնես ունենալ: Նա իր զինվորական ծառայության մեջ չի կարող որևէ այլ գործ ունենալ»:

Նրա խոսքով` Լիբանանի բանակում, Ոստիկանությունում արգելված է ընտրություններին մասնակցել, որպեսզի որևէ մեկը չշահագործի այդ հանգամանքը: «Զինվորական տարազ հագնող որևէ անձ մեզ մոտ ընտրության չի մասնակցում»,- նկատեց Լիբանանի պետական նախարարը:

Կարդացեք նաև

Վերջինիս հավաստմամբ` նույնիսկ իր աղջկա հարսանյաց արարողության ժամանակ նա արտոնություն է խնդրել հրամանատարական կազմից` քաղաքական դեմքերին հրավիրելու համար: «Ընդհանուր հրամանատարը կարող է իրավունք տալ քո տուն հրավիրել որևէ քաղաքական դեմք»,- ասաց Փ. Մանջյանը, ում փոխանցմամբ` զինվորականն իրավունք չունի նաև կուսակցությանն անդամագրվել: «Այն օրը, երբ բանակ է մտնում, պետք է հրաժարական տա կուսակցությանը»,- նշեց գեներալը, իսկ հակառակ դեպքում, ըստ նրա, այդ զինվորականը  կարող է պատժվել և վտարվել զինվորականությունից:

Տեսանյութեր

Լրահոս